Երեւան/Մեդիամաքս/. 2009թ. ֆինանսական տարվա արդյունքներով «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն կվճարի շահութաբաժիններ՝ մեկ բաժնետոմսի դիմաց 100 դրամի կամ անվանական արժեքի 10%-ի չափով:Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում տեղեկացրել է «Արմսվիսբանկի» (հանդիսանում է թողարկողի բաժնետոմսերի շուկա ստեղծողը) կորպորատիվ ֆինանսների բաժնի պետ Արկադի Փինաչյանը:Նա տեղեկացրել է, որ շահութաբաժին կստանան այս տարվա մարտի 12-ի դրությամբ բաժնետոմսերի ռեեստրում հաշվառված անձինք: ««Արցախ ՀԷԿ»-ի թողարկման ազդագրում նախատեսված չէր շահութաբաժնի վճարում 2009թ. ֆինանսական տարվա արդյունքներով, սակայն ընկերության ղեկավարությունն այդպիսի որոշում է կայացրել բաժնետերերի հետ ակտիվ համագործակցելու իր պատրաստակամությունը ցուցադրելու նպատակով»,- ասել է Արկադի Փինաչյանը: Նա հայտնել է նաեւ, որ ապրիլի 27-ին Ստեփանակերտում կկայանա IPO-ի իրականացումից հետո ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան առաջին ժողովը: 2009թ. վերջի դրությամբ «Արցախ ՀԷԿ»-ի սեփական կապիտալը կազմել է 6 մլրդ 661 մլն դրամ, ակտիվները` 8 մլրդ 898 մլն դրամ: Ընկերության հասույթը 2009թ. կազմել է 1 մլրդ 73 մլն դրամ, զուտ շահույթը` 639 մլն դրամ: Ընկերության ակտիվների եւ սեփական կապիտալի շահութաբերությունը 2009թ. կազմել է, համապատասխանաբար, 7,2% եւ 9,6%: «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում 2009թ. հոկտեմբերի 29-ին; բորսայական ցուցակում ներառված են ընկերության 5 962 074 բաժնետոմսեր` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Tweet Դիտում՝ 21220