Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում հայտարարել է, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը տվել է իր դրական արդյունքները: Հանդես գալով կառավարության նիստում` Տիգրան Սարգսյանն ասել է, որ ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ 2010թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ն 2,5 անգամ գերազանցել է այդ ժամանակահատվածի համար կառավարության նախատեսած ցուցանիշը: Նրա խոսքերով, առաջին եռամսյակի արդյունքներով պետբյուջեի հարկային մուտքերը կազմել են 126 մլրդ դրամ` նախատեսված 117 մլրդ դրամի փոխարեն, իսկ սոցիալական վճարումները` 26 մլրդ դրամ` նախատեսված 22 մլրդ դրամի փոխարեն: ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում երկրում աշխատավարձն աճել է 5,8%-ով: Տիգրան Սարգսյանն ասել է, որ առաջին եռամսյակում արտահանման աճը կազմել է շուրջ 53%, իսկ ներկրման աճը` 16%: «Մեզ հաջողվել է արտահանման ծավալն ավելացնել արդյունաբերության աճի շնորհիվ: Լեռնահումքային արդյունաբերությունն աճել է 45%-ով, վերամշակվող արդյունաբերությունը` 9%-ով, շինարարական նյութերի արտադրությունը կրկնապատկվել է: Ալմաստի արդյունաբերությունն ու ոսկեգործությունը ցուցաբերել են աճի բարձր տեմպ, այդ բնագավառներն են բարելավել արտահանման իրավիճակը»,- ասել է ՀՀ վարչապետը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ ամենախնդրահարույց հարցը գնաճն է: «Մենք մտել ենք բավականին բարձր տեմպով գնաճի փուլ, եւ դա պայմանավորված է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, որը մի կողմից խթանում է տնտեսական աճը, մյուս կողմից` ստեղծում ինֆլյացիոն ճնշումներ»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: Նրա խոսքերով, 2010թ. փետրվար-մարտ ամիսներին արձանագրվել է 2,9% գնաճ: Վարչապետն ասել է, որ ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկն ունեն որոշակի գործիքներ ինֆլյացիոն ճնշումները զսպելու համար: «Համաշխարհային բանկի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2010թ. բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները չեզոք ազդեցություն են ունենալու գնաճի վրա, եւ եթե մենք կարողանանք պահպանել հարկահավաքման բարձր տեմպը, ապա մեզ կհաջողվի վարել նաեւ զսպողական քաղաքականություն»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 13646