«Ամերիաբանկի» եւ «Կասկադ Բանկի» միաձուլման գործընթացը նախատեսվում է ավարտել այս տարի

31.03.2010 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկի» եւ «Կասկադ Բանկի» միաձուլման գործընթացը «Ամերիաբանկ» ապրանքանիշի ներքո նախատեսվում է ավարտել այս տարի, այսօր ասել է «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, «Կասկադ Բանկի» գործադիր տնօրեն Ահարոն Լեւոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Արտակ Հանեսյանը չի մեկնաբանել, թե «Ամերիաբանկի» բաժնետերերի կապիտալում ինչ տեսակարար կշիռ են ունենալու «TDA Holdings Limited»-ը («Ամերիաբանկի» միակ բաժնետերը) եւ «Կասկադ Կապիտալ Հոլդինգս»-ը («Կասկադ Բանկի» միակ բաժնետերը)` նշելով, որ դրա մասին կտեղեկացվի ավելի ուշ:

Հանեսյանի խոսքերով, միաձուլումից կշահեն երկու բանկերի հաճախորդները, քանի որ այն թույլ կտա ընդլայնել ծառայությունների տեսականին եւ զգալիորեն մեծացնել տնտեսության վարկավորումը:

Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչու էին երկու բանկերը նախորդ տարի հերքում հնարավոր միաձուլման մասին լուրերը, բանկերի ներկայացուցիչներն ասել են, որ նախորդ տարի սկսված բանակցությունները հետաձգվել էին տնտեսական ճգնաժամի հետեւանքով: «Այժմ` ճգնաժամի ստեղծած խոչընդոտների հաջող հաղթահարումից հետո, մենք վերադարձել ենք բանակցային սեղանին»,- ասել է Արտակ Հանեսյանը: 

«Հայաստանի բանկային հատվածի կոնսոլիդացումը բնական գործընթաց է, քանի որ ընդամենը $3 մլրդ ծավալ (խոսքը բանկային ակտիվների մասին է) ունեցող շուկայի համար 22 բանկերի առկայությունը հաճախ խոչընդոտում է ոլորտի զարգացմանը»,- ասել է «Կասկադ Բանկի» գործադիր տնօրեն Ահարոն Լեւոնյանը:

Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` Արտակ Հանեսյանը չի բացառել, որ հետագայում նոր բանկի կառույցում կարող է ընդգրկվել նաեւ «Կասկադ Ինվեստմենտս»-ը, սակայն բացառել է «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ միաձուլման հնարավորությունը` բացատրելով դա նրանով, որ «Ամերիաբանկը» մտադիր չէ զբաղվել ապահովագրական բիզնեսով:

Դիտում՝ 17444
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW