Երեւան/Մեդիամաքս/. АrCa (Armenian Card) ընկերությունը անցել է երկար ճանապարհ եւ բարդ ընթացակարգեր վճարային քարտերի տվյալների փոխանցման եւ պահպանման անվտանգության PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) միջազգային հավաստագիր ստանալու համար:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտնել է АrCa-ի անվտանգության գծով փոխտնօրեն Գագիկ Գրիգորյանը` հավելելով, որ ընկերության աուդիտն անցկացվում էր 2006 թվականից, եւ միայն 2009թ. դեկտեմբերին АrCa-ն ճանաչվեց PCI DSS չափանիշներին լիարժեք համապատասխանող: Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է սերտիֆիկատի տրման համար աուդիտի անցնելու վիճակագրությունը: Նրա խոսքերով, 2006 թվականին KPMG ընկերության կողմից անցկացվող աուդիտը բացահայտել է АrCa-ի 59 տոկոսանոց համապատասխանություն PCI DSS չափանիշներին: Հետագայում աուդիտն անցկացվել է «Ինֆորմզաշչիտա» ընկերության կողմից, եւ 2007թ. АrCa-ն ապահովել է 69 տոկոսանոց, 2008թ.` 82 տոկոսանոց, եւ միայն 2009թ.` 100 տոկոսանոց համապատասխանություն PCI DSS չափանիշներին: Հավաստագիրը տրամադրվում է տարին մեկ անգամ, եւ այդ կապակցությամբ տարեվերջին կանցկացվի նոր աուդիտ, նշել է Գրիգորյանը: PCI DSS չափանիշներին համապատասխանության միջոցառումների շրջանակներում մշակվել եւ կառուցվել է АrCa-ի պաշտպանիչ ցանցը, նորացվել է պրոցեսինգային կենտրոնի` վճարային քարտերի պաշտպանության պահանջների իրականացման ծրագրային ապահովումը, ներդրվել է դիտարկման եւ լուսաբանման համակարգը, անցկացվել է անձնակազմի ուսուցում եւ այլն: Գրիգորյանի գնահատմամբ, PCI DSS չափանիշների համապատասխանությունն ապահովել է АrCa վճարային համակարգի անվտանգության բարձր մակարդակը եւ քարտապանների տվյալների բազայի անխոցելիությունը, բարձրացրել է անձնակազմի մասնագիտական որակավորումը եւ իրազեկությունը, նվազագույնի է հասցրել մեքենայությունների հնարավորությունը: Ներկայումս АrCa համակարգում գործարկված է ավելի քան 600 բանկոմատ, աճի միտումը կազմում է տարեկան 100-200 բանկոմատ: Tweet Դիտում՝ 13012