Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է ավտոմեքենաների լրացուցիչ կոմպլեկտավորումը մաքսային արժեքում ներառելու գործընթացը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ պետեկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանը այսօր ասել է, որ նոր մեխանիզմը գործում է փետրվարի 15-ից եւ ուղղված է մաքսազերծման կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը եւ ներկրողների եւ մաքսատան ժամանակի տնտեսմանը: «Եթե նախկինում մաքսային արժեքում ներառվող լրացուցիչ կոմպլեկտավորման տարրերը հստակեցված եւ սահմանափակված չէին, ապա այժմ դրանք ընդամենը 4-ն են»,- ասել է Գեւորգ Սաղոյանը` հստակեցնելով, որ ԱՊՀ երկրներում արտադրված ավտոմեքենաների համար այսուհետ լրացուցիչ կոմպլեկտավորման տարրեր են համարվում վերին դիտապատուհանը (1,5% հավելում մաքսային արժեքին), ոչ գործարանային անվահեծերը (1,5%), աուդիո-վիդեոհամակարգերը (3%) եւ կոնդիցիոները (4%): ԱՊՀ երկրների սահմաններից դուրս արտադրված ավտոմեքենաների համար (բարձր անցողունակությամբ ավտոմեքենաներ, սեդաններ, փոքրածավալ եւ սպորտային ավտոմեքենաներ) այժմ լրացուցիչ կոմպլեկտավորման տարրեր են համարվում կաշվեպատ սրահը (3,5% հավելում մաքսային արժեքին), ոչ գործարանային անվահեծերը (1,5%), աուդիո-վիդեոհամակարգերը (4%) եւ քսենոնային լուսարձակները (1%):Գեւորգ Սաղոյանի խոսքերով, նախկին կարգը դժվարություններ էր առաջացնում ինչպես մաքսատան, այնպես էլ ներկրողների համար, ովքեր հաճախ չէին հասկանում հաշվարկման մեխանիզմները եւ չէին կարող վերահսկել այդ գործընթացը: «Իսկ այժմ ավտոմեքենայի լրացուցիչ կոմպլեկտավորման յուրաքանչյուր տարրի համար կիրառվում են մաքսային արժեքից հաշվարկվող տոկոսային մեծություններ, ինչը թույլ է տալիս նաեւ մաքսային արժեքում արտացոլել դրանց մաշվածությունը` կախված ավտոմեքենայի արտադրության տարեթվից»,- ասել է Գեւորգ Սաղոյանը: Նա տեղեկացրել է նաեւ, որ նոր կարգի համաձայն, լրացուցիչ կոմպլեկտավորման տարրերի առկայությունն այսուհետ հաշվի չի առնվելու $50 հազարից թանկ, «լյուքս» կարգի ավտոմեքենաների, ավտոբուսների եւ միկրոավտոբուսների, ինչպես նաեւ բեռնատար տրանսպորտային միջոցների համար: «Տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հաշվարկման նոր կարգի շնորհիվ վերանում են կոռուպցիոն ռիսկերը, գործընթացը դառնում է բացարձակ թափանցիկ եւ վերահսկելի, ներկրողը ինքնուրույն կարող է մինչեւ մաքսազերծումը ճշգրիտ որոշել, թե որքան կարժենա այդ գործընթացը»,- ասել է Գեւորգ Սաղոյանը: Նա հավելել է, որ նոր կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Երեւանի Տրանսպորտային միջոցների ձեւակերպման մասնագիտացված մաքսատանը եւ ՀՀ պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական ծառայությունում: Մաքսային վերահսկողության վարչության պետը վստահություն է հայտնել, որ փոփոխությունները դրական կազդեն Հայաստան ավտոմեքենաների ներկրման ծավալների վրա, որոնք զգալիորեն կրճատվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում: ՀՀ Պետեկամուտների կոմիտեի վիճակագրական տվյալների համաձայն, 2009թ. ավտոմեքենաների ներկրման ծավալը նվազել է 58,7%-ով` կազմելով 17 296 միավոր: Tweet Դիտում՝ 41543