Երեւան/ Մեդիամաքս/. Ես չեմ սպասում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքին, թեեւ համաշխարհային շուկայում դեռեւս պահպանվում են լուրջ ռիսկեր, հայտարարել է ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրոուն: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, մարտի 18-ի երեկոյան Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Թոմաս Միրոուն ասել է, որ տնտեսությունների վերականգնման նպատակով աշխարհի շատ կառավարություններ դիմել են կտրուկ ֆիսկալ խթանման, կենտրոնական բանկերը սկսել են տնտեսություն ներմուծել մեծ թվով լրացուցիչ իրացվելիություն, «եւ դա դեռեւս թույլ չի տալիս վստահ լինել, որ համաշխարհային տնտեսությունն արդեն մտել է ինքնաբավ աճի փուլ»: Մեկնաբանելով ճգնաժամի պայմաններում ՀՀ ԿԲ գործողությունները` Թոմաս Միրոուն ասել է, որ «ԿԲ-ն լավ աշխատանք է կատարել` հսկողության տակ առնելով դրամի արժեզրկումը», դրական գնահատելով նաեւ ՀՀ ֆինանսական համակարգի ապադոլարիզացիային ուղղված ներկայիս ջանքերը: «Տնտեսություններում կշարունակեն չբավարարել երկար փողերը, կապիտալի արտասահմանյան հոսքերը մոտ ապագայում չեն վերադառնա նախաճգնաժամային մակարդակին, այսպիսով, ինչպես Հայաստանի, այնպես էլ բազմաթիվ այլ երկրների համար ես կանխատեսում եմ վերադարձ տնտեսական աճին, սակայն արդեն ոչ այնպիսի, ինչպիսին մենք տեսել ենք նախկինում»,- ասել է Թոմաս Միրոուն: Նրա խոսքերով, գտնվելով Հայաստանում` նա տեսել է երկրի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու իշխանությունները ձգտումը` համաշխարհային շուկայի տատանումների հանդեպ պակաս խոցելի լինելու նպատակով եւ ՀՀ նախագահին ու վարչապետին առաջարկել է ՎԶԵԲ-ի աջակցությունը առաջադրված խնդրին հասնելու գործում: Tweet Դիտում՝ 12065