Երեւան/Մեդիամաքս/. “Ֆինանսաբանկային Քոլեջ” հիմնադրամը սկսել է “Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր” նոր ծրագրի իրականացումը: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը, նոր ծրագիրը դարձել է “Ճգնաժամը որպես հնարավորություն” ծրագրի տրամաբանական շարունակությունը: Այն ուղղված է ՀՀ ֆինանսական համակարգի աշխատակիցների ու հավակնորդների իրազեկվածության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ նոր հնարավորությունների բացահայտմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը: Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ եւ նպաստելու է ՀՀ ֆինանսական համակարգում նոր մտածողության ձեւավորման գործընթացին: “Ֆինանսաբանկային Քոլեջ” հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանի խոսքերով, նոր ծրագրի իրականացմամբ “մենք մտադիր ենք ստեղծել Հայաստանում իրականացվող հնարավորությունների ներկայացման հարթակ, որտեղ արդեն կյանքի կոչված, իրականացվող եւ նոր հնարավորությունները կարող են ներկայացնել ՀՀ ֆինանսական եւ ոչ ֆինանսական համակարգի կազմակերպություններն ու կառույցները”: Նոր ծրագրի շնորհանդեսին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հանդես եկավ “ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները” թեմայով դասախոսությամբ: Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Գյուղատնտեսության զարգացման միջազգային կազմակերպության /IFAD/ հայաստանյան գրասենյակի եւ “Ֆինանսաբանկային Քոլեջ” hիմնադրամի կողմից համատեղ իրականացված “Ֆինանսական կրթության զարգացման միջոցով գործազուրկ կանանց մրցունակության բարձրացման” ռեգիոնալ ծրագրի փակմանը: Tweet Դիտում՝ 17240