Երեւան/Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ կհատկացնի 15 մլն եվրո Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում: Ընդհանուր գումարից 5 մլն եվրոն կտրամադրի անմիջապես ՎԶԵԲ-ը, 5 մլն եվրոն` Եվրոպական ներդրումային բանկը եւ 5 մլն եվրոն` Եվրոպական Միությունը (որպես դրամաշնորհ): Վարկերը տրամադրվում են 15 տարի ժամկետով, 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով, EUR LIBOR+1% տոկոսադրույքով: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խոսքերով, “սա շատ կարեւոր ծրագիր է երեւանցիների համար, քանի որ թույլ կտա ապահովել մետրոպոլիտենի անվտանգությունը”: Ծրագրի շրջանակներում կնորացվի շարժակազմը, կկատարվեն դրենաժային աշխատանքներ, ինչպես նաեւ կփոխվեն էլեկտրական լարերը: Ծրագիրը թույլ կտա նաեւ մետրոպոլիտենի էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատել 50%-ով: Գագիկ Բեգլարյանը հայտնել է նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը բանակցում է Ասիական զարգացման բանկի հետ Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարության ավարտի ֆինանսավորման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 10142