Երեւան/Մեդիամաքս/. Առաջիկայում “Ամերիաբանկը” $10 մլն-ի վարկային պայմանագիր կստորագրի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ հետ` խոշոր բիզնեսի ֆինանսավորման նպատակով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է “Ամերիաբանկի” զարգացման դեպարտամենտի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նա տեղեկացրել է նաեւ, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակներում բանկը մտադիր է ընթացիկ տարում ներգրավել եւս $10 մլն փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համար, ինչպես նաեւ առեւտրի ֆինանսավորման երկու ուղղությունների` ուղղակի վարկավորման եւ վարկային երաշխիքների տրամադրման նպատակով, յուրաքանչյուր ուղղության համար` $5 մլն: Անդրադառնալով միջազգային ֆինանսական ինստիտուտներից “Ամերիաբանկի” կողմից նախկինում ներգրավված վարկային միջոցներին` Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) $15 մլն վարկի մեծ մասի տեղաբաշխման մասին, որը ստացվել էր 2009թ. դեկտեմբերին եւ նախատեսված էր վերականգնվող էներգետիկայի վարկավորման համար: ՙՀիդրոէներգետիկայի վարկավորմանն է ուղղվելու նաեւ նիդեռլանդական FMO-ից եւ գերմանական DEG-ից մեր ստացած $30 մլն վարկի $10 մլն-ը”,- ասել է Տիգրան Ջրբաշյանը` նշելով, որ այդ ֆինանսական կառույցների վարկային միջոցների մնացած $20 մլն-ը ուղղվելու է միջին բիզնեսի ֆինանսավորմանը: Պատասխանելով “Ամերիաբանկի”` փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման լայնածավալ ակցիայի առաջին արդյունքների մասին հարցին` բանկի զարգացման դեպարտամենտի տնօրենն ասել է, որ ակցիան հաջող է անցել, եւ դրա շնորհիվ բանկի ՓՄՁ վարկային պորտֆելը տարվա սկզբի համեմատ ավելացել է 30%-ով: “Ներկայումս բանկի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 55 մլրդ դրամ, մինչդեռ փետրվարի սկզբին այդ ցուցանիշը կազմում էր 51.6 մլրդ դրամ”,- նշել է Տիգրան Ջրբաշյանը: Tweet Դիտում՝ 6521