Կառավարությունը ԱԺ կներկայացնի տրանսպորտային միջոցների կադաստրի ստեղծման մասին օրինագիծը

18.02.2010 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը այսօր հավանության է արժանացրել տրանսպորտային միջոցների պետական կադաստրի ստեղծման մասին օրինագիծը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարում էին առեւտրային բանկերի ներկայացուցիչներն ու Հայաստանի բանկերի միությունը:

Ինչպես այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, օրենքը կարգավորելու է սեփականության իրավունքի գրանցումը եւ տրանսպորտային միջոցի գրավը: Նոր օրենքը վարկային կազմակերպություններին թույլ կտա կառավարել իրենց ռիսկերը, կանոնակարգել տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի կամ գրավի հետ կապված հարաբերությունները եւ կխթանի ավտովարկավորման աճը:

Հովհաննես Հունանյանը նշել է, որ պետական կադաստրի ներդրումը չի ենթադրում լրացուցիչ ֆինանսական բեռ ավտոմեքենաների սեփականատերերի համար:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ օրինագիծը մշակվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ եւ պետք է շուտափույթ կերպով ներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը: Կառավարության ղեկավարը համապատասխան գերատեսչությունների հանձնարարել է 2 օրվա ընթացքում շտկումներ կատարել օրինագծում` տրանզիտային փոխադրամիջոցների գրանցման, ինչպես նաեւ Վրաստանի տարածքում ավտոմեքենաների առքուվաճառքի գործարքների վերաբերյալ:

Դիտում՝ 12010

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW