Երեւան /Մեդիամաքս/. Ռուսաստանի, Ուկաինայի եւ Բելարուսի շուկաներում աճել է մրցակցությունը, “որի հետեւանքով “ԱրԱրԱտ” կոնյակները ամրապնդել են իրենց դիրքերը”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին “Իտոգի” ամսագրի հետ հարցազրույցում ասել է Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը: “Ցավոք, ճգնաժամը մեզ չշրջանցեց, եւ չեմ թաքցնի` նախորդ տարին բավականին բարդ էր: Մեր արտահանման 70 տոկոսից ավելին բաժին է հասնում Ռուսաստանին, իսկ եթե ավելացնենք նաեւ Ուկրաինան եւ Բելարուսը, ապա կստացվի ամբողջ 90 տոկոս: Նման ծավալները ոչ միայն ազդում են ընդհանուր պատկերի վրա, այլեւ ձեւավորում այն: Այս շուկաները սուր արձագանքեցին ճգնաժամի ֆինանսա-տնտեսական դժվարություններին: Չնայած, չեմ կարող չնշել, որ նույն ճգնաժամը նաեւ դրական դեր ունեցավ: Շուկաներում աճեց մրցակցությունը, որի հետեւանքով “ԱրԱրԱտ” կոնյակները ամրապնդեցին իրենց դիրքերը: Ինչ վերաբերում է փոփոխություններին` կարծում եմ, որ ճգնաժամի ընթացքում իրավիճակն առաջին հերթին ընդգծել է շուկաների դիֆերսիֆիկացիայի անհրաժեշտությունը: Իրականում, արտահամման աշխարհագրության ընդլայնման հարցը մշտապես եղել է գործարանի օրակարգում, սակայն ավանդական շուկաներում եղած հաջողությունները շեղել են նորերը որոնելու հարցից”,- ասել է Արա Գրիգորյանը: Նա նշել է, որ հուլիսից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ԵԿԳ վաճառքները կրճատվել են շուրջ 30 տոկոսով, “այն պարագայում, երբ ամբողջ երկրում այդ ցուցանիշն ավելի բարձր է”: “Այդ դեպքերում անհրաժեշտ է լինում համախմբել ուժերն ու դիմակայել դժվարություններին: Վստահ եմ, որ ճգնաժամն ոչ այնքան ֆինանսական, որքան մենթալ երեւույթ է: Չէի ցանկանա իրադարձություններից առաջ անցնել, սակայն 2009 թվականի վերջին “ԱրԱրԱտ”-ի սպառման ցուցանիշները, ընդհանուր առմամբ, թույլ են տալիս անցում կատարել զգուշավոր լավատեսության”,- ասել է Արա Գրիգորյանը: Tweet Դիտում՝ 11706