Երեւան /Մեդիամաքս/. Փետրվարի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում կկայանան տրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրինագծի լսումները: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր ասել է, որ օրինագիծն ունի խիստ սոցիալական նշանակություն եւ ուղղված է ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: Օրինագծի համաձայն, Հայաստանում ստեղծվելու է Ապահովագրական կազմակերպությունների բյուրո, որի կազմում պետք է ընդգրկվեն ապահովագրական ընկերությունների, Ճանապարհային ոստիկանության եւ տրանսպորտային միջոցների սեփականատերերի ու հետիոտի իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գագիկ Մինասյանն ասել է, որ օրինագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում վարորդական իրավունքից զրկել տրանսպորտային միջոցների այն սեփականատերերին, ովքեր կհրաժարվեն վճարել պարտադիր ապահովագրական գումարը: Օրինագիծը տեղադրված է հետեւյալ հասցեով` http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=19381; Գագիկ Մինասյանը շահագրգիռ կողմերին կոչ է արել իրենց առաջարկներն ուղղել ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին: Ակնկալվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ից: Tweet Դիտում՝ 12121