Երեւան /Մեդիամաքս/. «Վալլետտա» ՍՊԸ-ն մարել է իր պարտատոմսերի 500 մլն դրամ ընդհանուր ծավալով երկրորդ թողարկումը (VALTB2): Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրին «Արմսվիսբանկում», որը հանդիսանում էր տվյալ պարտատոմսերի տեղաբաշխողը եւ շուկա ստեղծողը, վերջին արժեկտրոնն այս պարտատոմսերով վճարվել է 2009թ. դեկտեմբերի 30-ին: Պարտատոմսերը թույլատրված էին առեւտրի բորսայական Cbond ազատ շուկայում: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմել է 24 ամիս, արժեկտրոնային տոկոսադրույքը` 10.5%: «Արմսվիսբանկում» նշեցին, որ պարտատոմսերի շրջանառությունը երկրորդային շուկայում (բացառությամբ ռեպո գործարքների) կազմել է 420.4 մլն դրամ (կամ թողարկման ընդհանուր ծավալի 84.08%-ը), որոնցից 350 մլն-ը բաժին է ընկել բորսայական գործարքներին: «Վալլետտայի» այս պարտատոմսերով բորսայական գործարքների միջին եկամտաբերությունը կազմել է 13.56%: Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվում է «Վալլետտա» ՍՊԸ-ը պարտատոմսերի երրորդ թողարկումը (VALTB3)` 500 մլն դրամ ընդհանուր ծավալով եւ 11% արժեկտրոնային տոկոսադրույքով: Tweet Դիտում՝ 14161