Երեւան /Մեդիամաքս/. Կարճ ժամանակահատվածում Հայաստանը զգալի առաջընթացի է հասել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում, մասնավորապես, 2008 թվականին ընդունելով այդ ոլորտը կարգավորող առավել ընդգրկուն օրենք: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ասվում է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդի Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնաժողովի (MONEYVAL) հունվարի 11-ին հրապարակված երրորդ հաշվետվության մեջ: Հաշվետվությունում նշվում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնը լավ է տեղեկացված եւ ակտիվ է, սակայն հաստիքների ավելացման կարիք ունի: MONEYVAL-ի գնահատմամբ, ՀՀ ֆինանսական ինստիտուտներում փողերի լվացման դեմ պայքարին ուղղված կանխարգելիչ միջոցառումները համակողմանի են եւ հարաբերականորեն մոտ են Ֆինանսական գործառնությունների ուսումնասիրման հատուկ հանձնաժողովի (Financial Action Task Force - FATF) հանձնարարություններին: Հաշվետվությունում ասվում է, որ ֆինանսական ինստիտուտներում կանխարգելիչ միջոցառումների ներդրումն ավելի առաջադեմ է բանկային համակարգում եւ ետ է մնում ֆինանսական հատվածի այլ ոլորտներում: Հանձնաժողովը կարծում է, որ թեեւ Հայաստանում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման համար քրեական պատասխանատվության միջոցառումները համապատասխանում են FATF-ի շատ չափանիշներին, այնուամենայնիվ երկրի դատական համակարգը փողերի լվացումը դեռեւս չի դիտարկում որպես առանձին քրեական հանցագործություն: Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձրել ոչ ֆինանսական հատվածի ընկերությունների ֆինանսական հոսքերի նկատմամբ ոչ բավարար հսկողությանը, որոնք ենթարկվում են “Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին” օրենքին: Tweet Դիտում՝ 12074