Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի իշխանություններին քաղաքական կամք է անհրաժեշտ օլիգոպոլիաների եւ պաշտոնատար անձանց միջեւ կապերի բացահայտման համար, այսօր հայտարարել է Համաշխարհային բանկի /ՀԲ/ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, մամլո ասուլիսում Արիստոմենե Վարուդակիսն ասել է, որ չնայած այդ ուղղությամբ ՀՀ կառավարության առաջին քայլերին, դրանք դեռ բավարար չեն, եւ “այդ հարցում իշխանությունները պետք է ավելի հավակնոտ լինեն”: Վարուդակիսի խոսքերով, հիմնական դասերից մեկը, որը Հայաստանը պետք է քաղի ճգնաժամից, տնտեսության դիվերսիֆիկացման եւ մրցունակության բարձրացման անհրաժեշտությունն է, ինչին խոչընդոտում են օլիգոպոլիաները մի շարք առանցքային շուկաներում եւ կոռուպցիան` հատկապես հարկային եւ մաքսային մարմիններում: Արիստոմենե Վարուդակիսն ասել է, որ 2009թ. արդյունքներով ՀՀ տնտեսության անկումը կազմելու է 16-17%, իսկ 2010 թվականին սպասվում է աճ 1.5%-ի սահմաններում եւ չափավոր ինֆլյացիա: “Հայաստանի արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ 37%-ը, եւ սպասվում է, որ 2011թ ՀՆԱ նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը կկազմի 50%”,- ասել է Արիստոմենե Վարուդակիսը` հավելելով, որ ՀՀ պետական պարտքի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է զգալիորեն բարելավել հարկային վարչարարությունը: “Չնայած ճգնաժամի ազդեցությանը, Հայաստանի բանկային համակարգը կայուն է եւ բավականաչափ կապիտալացված”,- ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը` կարծիք հայտնելով, որ բանկային համակարգում չաշխատող վարկերի մասնաբաժինը կպահպանվի 8%-ի սահմաններում: Խոսելով Հայաստանում ՀԲ-ի վարկային ծրագրերի մասին` Արիստոմենե Վարուդակիսը հայտնել է, որ ՀՀ-ին բանկի տրամադրած միջոցների ծավալը 2009 թվականին կազմել է $280 մլն, իսկ 2010 թվականին նախատեսվում է երկրին հատկացնել $160 մլն` 8 ծրագրերի իրականացման համար: Tweet Դիտում՝ 11071