Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բացվել է «Ապահովագրական գործ» ուսումնամեթոդական կենտրոնը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կենտրոնի բացմանը ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանն ասել է, որ Հայաստանի ապահովագրական շուկան դինամիկ կերպով զարգանում է, եւ «այդ գործընթացին հետեւելու համար անհրաժեշտ են գիտելիքներ եւ փորձ»: Նա ընդգծել է, որ «կենտրոնը ուսանողներին թույլ կտա «ձեռքը պահել» իրադարձությունների զարկերակին եւ պատրաստ լինել ժամանակակից ապահովագրական շուկայի մարտահրավերներին»: Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Գրիգոր Կոնջեյանը տեղեկացրել է, որ այսուհետ նոյեմբերի 19-ը Հայաստանում կնշվի որպես Ապահովագրողի օր: Նա նկատել է, որ երկրի ապահովագրական շուկան դեռեւս զարգացման փուլում է, պահանջում է գործնական լուծումներ եւ որակյալ մասնագետների կարիք ունի:«Պրայմ Ինշուրանս Բրոքերս» ապահովագրական ընկերության տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանի խոսքերով, կենտրոնի բացումը բացառիկ դեպք է, երբ 8 մրցակից ընկերություններ միավորվել են մեկ նպատակի շուրջ: Նա ընդգծել է, որ բացի «Պրայմ Ինշուրանս Բրոքերս»-ից, ուսումնական կենտրոնի հիմնադրմանը մասնակցել են նաեւ «Կասկադ Ինշուրանս», «Գարանտ-Լիմես», «Սիլ-Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «GRIAR Ինշուրանս» եւ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունները: Tweet Դիտում՝ 50640