Երեւան /Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամը/ ԱՄՀ/ վերանայել է Հայաստանի հետ վարկային համաձայնագիրը եւ որոշել է արագացնել այս տարվա մարտին հաստատված վարկային միջոցների հատկացումը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով Dow Jones-ը, վարկային համաձայնագրի վերանայումը Հայաստանին թույլ կտա ԱՄՀ-ի $822.7 մլն ծավալի հաստատված վարկից անհապաղ ստանալ $60 մլն-ը: Այդ վարկից Հայաստանն արդեն ստացել է ավելի քան $400 մլն: ԱՄՀ-ի որոշումը պայմանավորված է Հայաստանում տնտեսական անկմամբ, որը գերազանցել է սպասվող մակարդակը: ԱՄՀ-ն նշում է, որ Հայաստանը Արեւելյան Եվրոպայում ֆինանսական ճգնաժամից ամենաշատը տուժած երկրներից է: «Մասնավոր տրանսֆերտների կրճատումը եւ շինարարական հատվածի անկումը հանգեցրեցին տնտեսության եւ ֆիսկալ եկամուտների ավելի կտրուկ անկման, քան սպասվում էր»,- ասել է ԱՄՀ-ի գործադիր փոխտնօրեն Տակատոշի Կատոն: ԱՄՀ-ի կանխատեսումներով, Հայաստանում 2009թ. տնտեսական անկումը կազմելու է 15.6%: «Սպասվում է, որ տնտեսական աճը աստիճանաբար կվերականգնվի 2010 թվականին, թեեւ ռիսկերը դեռ պահպանվում են»,- նշել է Տակատոշի Կատոն: Tweet Դիտում՝ 10058