Երեւան /Մեդիամաքս/. “Դիփ Փարփլ” խմբի մենակատար Իէն Գիլանը եւ “Բլեք Սաբաթ” խմբի կիթարահար Թոնի Այոմին այսօր ժամանել են Երեւան` “Մեդիամաքս” լրատվական գործակալության կողմից իրականացվող Armenia Grateful 2 Rock /”Հայաստանը շնորհակալ է ռոքին”/ նախագծի շրջանակներում: Երեւան են ժամանել նաեւ “Ասիա” խմբի անդամ Ջոուֆ Դաունսը, ավստրալիացի լեգենդար տենիսիստ Փեթ Քեշը եւ Rock Aid Armenia /”Ռոքն օգնում է Հայաստանին”/ նախագծի հեղինակ, Do Something ավստրալիական ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ջոն Դին: Armenia Grateful 2 Rock նախագծի նպատակն է երախտագիտություն հայտնել Rock Aid Armenia նախագծի մասնակիցներին, որն իրականացվել է 20 տարի առաջ` 1989 թ-ին: Այն ժամանակ բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին “Դիփ Փարփլ” խմբի Smoke on the Water երգի քավեր-տարբերակը եւ լույս ընծայեցին հատուկ Earthquake Album ձայնասկավառակը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին: Հայաստանյան այցի ընթացքում Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջոուֆ Դաունսը եւ Ջոն Դին կպարգեւատրվեն Հայաստանի Հանրապետության “Պատվո Շքանշանով”: Նրանց պարգեւատրման հրամանագրերը` ՙՀայաստանին եւ հայ ժողովրդին զգալի եւ շարունակական աջակցության համար՚, նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր դեռեւս այս տարվա հուլիսին: Այցի շրջանակներում ռոք-աստղերը կայցելեն Սպիտակ եւ Գյումրի: Նրանք նաեւ կհայտարարեն 1989 թ-ին ձայնագրված Smoke on the Water երգի քավեր-տարբերակի ռեմիքսի թողարկման մասին: Ռեմիքսը վաճառքի է հանվելու iTunes ինտերնետ-խանութում, եւ ողջ հասույթը կրկին ուղղվելու Սպիտակի երկրաշարժի գոտում նախագծերի իրականացմանը: “Մեդիամաքս” լրատվական գործակալությունն իրականացնում է Armenia Grateful 2 Rock նախագիծը ՀՀ նախագահի Աշխատակազմի աջակցությամբ: Նախագծի գլխավոր հովանավորը “ՀայՌուսԳազարդ” ընկերությունն է, որն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում: Նախագծի հովանավորն ու պաշտոնական ավիափոխադրողը BMI ընկերությունն է: Tweet Դիտում՝ 12626