Երեւան /Մեդիամաքս/. “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսան եւ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը համատեղ սեմինար են անցկացրել ներդրումային ծառայություններ առաջարկող ընկերությունների համար: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ի մամլո ծառայությունում, ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը ներկայացրել է ֆինանսական հաշտարարների միջազգային փորձը ներդրումային ընկերությունների եւ նրանց հաճախորդների միջեւ վեճերի լուծման բնագավառում: Սեմինարի ընթացքում ներկայացվել եւ վերլուծության են ենթարկվել ներդրումային եւ բրոքերային ծառայությունների միջազգային փորձում խնդրահարույց համարվող կոնկրետ իրավիճակներ: “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանն ասել է, որ միջոցառումը եւս մեկ քայլ է Հայաստանում ներդրողների շահերի եւ իրավունքների պաշտպանության ապահովման գործում: Սեմինարի նյութերը կտեղադրվեն բորսայի պաշտոնական ինտերնետային կայքում` www.nasdaqomx.am: Tweet Դիտում՝ 14793