“Ամերիաբանկը” Հարավային Կովկասի ամենաարագ աճող բանկն է, հայտարարել է բանկի զարգացման գծով տնօրենը

22.07.2009 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” շարունակում է պահպանել զարգացման արագ տեմպը` հանդիսանալով Հարավային Կովկասի ամենաարագ աճող բանկը, այսօր Երեւանում հայտարարել է բանկի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Տիգրան Ջրբաշյանը հայտնել է, որ բանկի ակտիվները հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 86.2 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 175.8%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 2.8 անգամ:

Տիգրան Ջրբաշյանի խոսքերով, ակտիվների ծավալով “Ամերիաբանկը” ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 5-րդ տեղը` 7.53% տեսակարար կշիռով: Կանոնադրական կապիտալի մեծությամբ բանկը զբաղեցնում է առաջին տեղը, իսկ ընդհանուր կապիտալի ծավալով` 4-րդ տեղը` 8.1% տեսակարար կշիռով:

“Ամերիաբանկում” ֆիզիկական անձանց ավանդները երկրորդ եռամսյակի ընթացքում ավելացել են 37%-ով, իսկ տարեսկզբի համեմատ` 3.3 անգամ` կազմելով 6.3 մլրդ դրամ: Շահույթի մակարդակով բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 3-րդ տեղը: “Բանկի շահույթը տարեսկզբից կազմել է 554.9 մլն դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 5.4 անգամ”, - ասել է Տիգրան Ջրբաշյանը:

Երկրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է վարկային պորտֆելի որոշակի նվազում մինչեւ 31.6 մլրդ դրամ, “ինչը պայմանավորված է ոչ այնքան բանկի պասիվությամբ, որը եռամսյակի ընթացքում տրամադրել է 4.7 մլրդ դրամի ավելի քան 80 բիզնես վարկեր, այլ նրանով, որ երկրորդ եռամսյակի ընթացքում մեր հաճախորդների կողմից իրականացվել են բավականին ակտիվ մարումներ”: Տարվա սկզբից բանկի վարկային պորտֆելն ավելացել է 0.45 մլրդ դրամով:

“Ներկայումս բանկի վարկային պորտֆելը գերազանցում է 36 մլրդ դրամը, իսկ ամսվա վերջում այն կհասնի 39-40 մլրդ դրամի”, - ասել է Տիգրան Ջրբաշյանը` ավելացնելով, որ “Ամերիաբանկի” վարկային պորտֆելի որակը եւս լավագույնն է տարածաշրջանում. չաշխատող վարկերի տեսակարար կշիռը կազմում է 0.7%:

ՀՀ բանկային համակարգում տոկոսադրույքների նվազումը կշարունակվի

ՀՀ բանկային համակարգում տոկոսադրույքների նվազումը կշարունակվի, այսօր Երեւանում հայտարարել է “Ամերիաբանկի” զարգացման դեպարտամենտի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ նվազումը պայմանավորված կլինի, մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմամբ` միաժամանակ բացառելով այն հնարավորությունը, որ այն կարող է հասնել զրոյական մակարդակի:

Նա նշել է, որ տնտեսական սուբյեկտների ներկայիս զսպվածությունը պայմանավորված է ոչ թե բանկային բարձր տոկոսադրույքներով, այլ բանկային համակարգում առկա ռեսուրսները կլանելու նրանց անկարողությամբ` այդ համատեքստում նշելով տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված ՀՀ կառավարության հակաճգնաժամային գործողությունների կարեւորությունը:

Դիտում՝ 13896
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW