Ազգային հիփոթեքային ընկերությունը սկսել է իր գործունեությունը
13.07.2009 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Ազգային հիփոթեքային ընկերությունը կնքել է հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման առաջին պայմանագիրը, ինչով էլ նշանավորել է իր գործունեության մեկնարկը, այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Ազգային հիփոթեքային ընկերության /ԱՀԸ/ գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը տեղեկացրել է, որ հիփոթեքային վարկի վերաֆինանսավորում ստացած առաջին բանկը «Հայբիզնեսբանկն» է:
Ներկայացնելով նոր կառույցի գործունեության գծագիրը` Արթուր Ջավադյանն ասել է, որ ընկերության հետ համագործակցող ֆինանսական կազմակերպությունները ԱՀԸ-ի չափանիշներին համապատասխանող հիփոթեքային վարկերի տրամադրումից հետո կարող են վերջինիս այդ վարկերի վերաֆինանսավորման հայտ ներկայացնել, ինչը ֆինանսական կազմակերպություններին թույլ կտա ապահովել հիփոթեքային պորտֆելի մշտական աճը:
Ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են ԱՀԸ-ին ուղարկել վերաֆինանսավորված վարկերի մարումը, ինչպես նաեւ վերաֆինանսավորման դիմաց նրան վճարել տարեկան 9%:
«Երբ ընկերության ակտիվները ձեւավորվեն անհրաժեշտ մակարդակով, ԱՀԸ-ն կսկսի շուկայից լրացուցիչ միջոցներ ներգրավել պարտատոմսեր թողարկելու միջոցով», - ասել է Արթուր Ջավադյանը` ավելացնելով, որ բանակցություններ են ընթանում նաեւ օտարերկրյա ներդրողների հետ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ընկերության կանոնադրական կապիտալին, ինչպես նաեւ տրամադրել երկարաժամկետ վարկային միջոցներ ցածր տոկոսադրույքներով:
Խոսելով ԱՀԸ-ի սահմանած վարկերի չափանիշների մասին` ԿԲ ղեկավարը նշել է, որ վերաֆինանսավորվելու են մինչեւ 20 մլն դրամի վարկերը, որոնք տրվել են անշարժ գույքի արժեքի նվազագույնը 30% կանխավճարի պայմանով: Արթուր Ջավադյանը նշել է նաեւ, որ առաջնահերթությունը տրվելու է ցածր տոկոսադրույքներով տրվող վարկերին:
«ԱՀԸ-ի գործունեությունը թույլ կտա մի քանի տոկոսային կետով նվազեցնել հիփոթեքային վարկերի շուկայական ներկայիս տոկոսադրույքը եւ երկարացնել դրանց մարման ժամկետները», - ասել է Արթուր Ջավադյանը` ավելացնելով, որ բանկերը, վերաֆինանսավորվելով ՀՀ դրամով, ազատվում են արժութային ռիսկերից:
ԿԲ ղեկավարի խոսքերով, վերաֆինանսավորում ստանալու իրավունքից կարող են օգտվել ՀՀ գրեթե բոլոր բանկերը, իսկ մի քանի ամսից` նաեւ վարկային կազմակերպությունները:
ԱՀԸ-ի հիմնադիրը եւ միակ սեփականատերը ՀՀ Կենտրոնական բանկն է: Ազգային հիփոթեքային ընկերությունը գրանցվել է հունիսի 16-ին` 5 մլրդ դրամ կանոնադրական կապիտալով:
Արթուր Ջավադյանը հիշեցրել է, որ վերջերս կառավարության որոշմամբ ԱՀԸ-ին հատկացվել է 21 մլրդ դրամ ռուսաստանյան կայունացնող վարկի միջոցներից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: