Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ՀՆԱ ցուցանիշի հետեւողական վատթարացման արդյունքում 2009թ. պետբյուջեի պակասորդը կարող է կազմել 7.5%: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին կառավարության ղեկավարն այսօր ասել է «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» գիտաժողովի ընթացքում: Տիգրան Սարգսյանի խոսքերով, պետբյուջեի պակասորդի սպասարկման հիմնական աղբյուրները Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ ($80 մլն) եւ Համաշխարհային բանկի /ՀԲ/ ($50 մլն) վարկային միջոցներն են: Նշված միջոցներից բացի, կառավարությունը մտադիր է այդ նպատակների իրագործմանն ուղղել 24 մլրդ դրամ ռուսաստանյան կայունացնող վարկից, ինչպես նաեւ 24 մլրդ դրամ ներքին ֆինանսավորումից, ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ բյուջեի պակասորդի մարման ամենախոշոր ներդրումը լինելու են Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ վարկային միջոցները ($150 մլն): ՀՀ կառավարության ղեկավարը հայտնել է, որ ներկայումս կառավարությունը քննարկում է 2010թ. պետբյուջեի նախագիծը: Նրա խոսքերով, նախագծի հիմքում դրված է լինելու ՀՆԱ 1% աճը: Վարչապետը նշել է հաջորդ տարի պետբյուջեի պակասորդի ֆինանսավորման խնդրի կարեւորությունը: Նրա խոսքերով, ՀՀ կառավարությունը 4-ամյա ծրագիր է համաձայնեցրել Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի եւ ԱԶԲ-ի հետ: Տիգրան Սարգսյանն ասել է, որ 4 տարվա ընթացքում Հայաստանը $545 մլն կստանա ՀԲ-ից, $823 մլն` ԱՄՀ-ից որպես ֆինանսական օժանդակություն, ինչպես նաեւ $140 մլն ԱԶԲ-ից` մի շարք բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Tweet Դիտում՝ 11941