Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին երկրի մասնակցության բյուջեն, որը կազմում է 569 մլն դրամ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ այս տարի նախապատրաստական աշխատանքների համար կծախսվի 77,7 մլն դրամ, իսկ մնացած մասը կօգտագործվի 2010 թվականին եւ կուղղվի հայկական ցուցասրահի ձեւավորմանը, սպասարկմանը, մշակութային ծրագրերին, վարչական եւ այլ ծախսերի: Էկոնոմիկայի նախարարը հայտնել է նաեւ, որ չինական կողմը պատրաստակամություն է հայտնել Շանհայում հայաստանյան պատվիրակությանը տրամադրել $650 հազարի տեխնիկական աջակցություն: Ներսես Երիցյանի խոսքերով, մրցույթի արդյունքում արդեն որոշվել է հայկական ցուցասրահի հնարավոր դիզայնը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մշակույթի եւ սփյուռքի նախարարություններին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին: Վարչապետը նշել է, որ ցուցահանդեսին մասնակցելու ծախսերը կգերազանցեն բյուջեով սահմանված գումարը` հույս հայտնելով, որ կներգրավվեն մասնավոր հովանավորներ: Համաշխարհային ցուցահանդեսը տեղի է ունենալու Շանհայում 2010թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին: Ցուցահանդեսի թեման է` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք»: Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 200 երկրներ եւ միջազգային կազմակերպություններ, իսկ այցելուների թիվը կգերազանցի 70 մլն-ը: Tweet Դիտում՝ 11312