Ստեղծվել է աշխատանքային խումբ «ԵվրԱզԷՍ»-ի հիմնադրամից ֆինանսավորում ներգրավելու համար

02.07.2009 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի ղեկավարությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծվել է աշխատանքային խումբ «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից ֆինանսավորում ներգրավելու համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանը հնարավորություն ունի վարկային միջոցներ ստանալ «ԵվրԱզԷՍ»-ի շրջանակներում ձեւավորված հակաճգնաժամային հիմնադրամից, որի ծավալները շուրջ $10 մլրդ են կազմելու»,- ասել է վարչապետը` նշելով, որ կառավարությունն արդեն հիմնադրամ է ուղարկել էներգետիկայի եւ քիմիայի ոլորտներին վերաբերող 2 ծրագիր:

«Աշխատանքային խումբը համագործակցելու է բոլոր գերատեսչությունների եւ նախարարությունների հետ Հայաստանին անհրաժեշտ խոշոր ծրագրերի մշակման նպատակով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է լսել ընդդիմախոսների կառուցողական քննադատությունը եւ խորհուրդները ռուսաստանյան վարկի տեղաբաշխման վերաբերյալ: 

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ռուսաստանյան վարկի մի մասը կառավարությունը պահպանելու է ՀՀ Կենտրոնական բանկի կայունացնող հիմնադրամում, իսկ մյուս մասն ուղղելու է 1998թ. Սպիտակի երկրաշարժի գոտու վերականգնմանը, Հայ-գերմանական հիմնադրամ` փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով, Հայաստանի հիփոթեքային հիմնադրամ, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն` համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորման նպատակով:

Տիգրան Սարգսյանի խոսքերով, հայաստանյան տնտեսության վրա ռուսաստանյան վարկի դրական ազդեցությունը առավել շոշափելի կդառնա 2010 թվականին եւ ավելի փոքր ծավալով` այս տարվա երրորդ եւ չորրորդ եռամսյակներում:

 

Դիտում՝ 12658
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW