Դրամական բազայի ու բանկերի թղթակցային հաշիվների աճն ազդեց պետպարտատոմսերի շուկայի վրա
01.07.2009 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Հունիսի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում անընդհատ ավելացել են եւ բանկերի թղթակցային հաշիվները (25.870 մլն-ից հասնելով 35.968 մլն), եւ դրամական բազան (399.490 մլն-ից հասնելով 412.339 մլն):
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “Ռենեսա” ներդրումային ընկերությունում, այս հանգամանքը չեր կարող իր ուղղակի ազդեցությունը չունենալ պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդներում պահանջարկի ավելացման եւ տոկոսադրույքների իջեցման վրա:
“Այդ ընթացքում անց է կացվել տեղաբաշխման երկու աճուրդ, որոնց ընթացքում գրանցվել է աննախադեպ մեծ պահանջարկ` մասնավորապես, կարճաժամկետ արժեթղթերի աճուրդի արդյունքերով պահանջարկը (ներկայացված հայտերի ծավալը) 4.5 անգամ գերազանցել է առաջարկը, իսկ միջնաժամկետ արժեթղթերի աճուրդի արդյունքներով պահանջարկը գերազանցել առաջարկը 3.5 անգամ”, - հայտնել են “Ռենեսայում”:
Ներդրումային ընկերությունում նշել են, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում, ֆինանսների նախարարության տեղաբաշխման ծրագրին համապատասխան, տեղի է ունենալու մեկ կարճաժամկետ պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդ, որի ընթացքում կպահպանվի մեծ պահանջարկ, իսկ տոկոսադրույքն էլ ավելի կնվազի` տատանվելով 9.5-10%-ի սահմաններում:
“Ռենեսան” ակնկալում է նաեւ, որ նույն ժամանակահատվածում պարտատոմսերի երկրորդային շուկայում մինչեւ մեկ տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերի գինը/տոկոսադրույքը կնվազի մոտ 1%-ով, իսկ 3-5 տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերինը` մոտ 0.5%-ով:
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում հունիսի վերջին նկատվում էր համեմատական աշխուժություն, ինչը սովորական է ամսվա վերջի համար: Գործարքների ընդհանուր ծավալը ավելի քան 2 անգամ գերազանցեց նախորդ շաբաթվա ծավալը` կազմելով 340 մլն 564 հազար դրամ:
Հունիսի վերջին կնքված բոլոր գործարքներում նկատվել է եկամտաբերության աճ: Համեմատաբար զգալի աճ է նկատվել “Կոնվերս Բանկի” (0,86 տոկոսային կետով) ու “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” (0,75 տոկոսային կետով) պարտատոմսերով գործարքներում:
Եկամտաբերության ամենամեծ աճը գրանցվել է “Վալլետտա”-ի VALTB2 պարտատոմսերով գործարքներում (1,1021 տոկոսային կետով), ինչը, հավանաբար, պայմանավորված է այդ պարտատոմսերի արժեկտրոնների երրորդ վճարմամբ, որը կայացել է ընթացիկ շաբաթվա սկզբին` հունիսի 29-ին: Որպես հաշվարկային բանկ հանդես է եկել “Արմսվիսբանկը”:
Ի դեպ, նույն օրը ստացվեց տեղեկատվություն “Արմսվիսբանկի”` “Վալլետտա” ՍՊԸ պարտատոմսերի (VALTB2 եւ VALTB3) շուկա ստեղծողի կարգավիճակի դադարեցման մասին: Հայտնի է, որ շուկա ստեղծողի կարգավիճակը դադարեցվել է “Արմսվիսբանկի” համապատասխան դիմումի համաձայն, որի պատճառները դեռեւս հայտնի չեն:
Անդրադառնալով արտարժույթի հայաստանյան շուկային` “Ռենեսայում” նշել են, որ հունիսի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ֆոնդային բորսայում արտարժույթի փոխարժեքը իջել է մոտ 2.5 կետով:
“Բորսայում տեղի ունեցած երկարատեւ պասիվությունից հետո ուշագրավ էր նաեւ հունիսի 23-ին տեղի ունեցած առեւտուրը` $17,63 մլն-ի չափով”, - նշել են ներդրումային ընկերությունում, կարծիք հայտնելով, որ դոլարի ներկայիս փոխարժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում կպահպանվի եւ չի իջնի 360 դրամի սահմանից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: