Ներդրումային ընկերությունները փաստում են պարտատոմսերի շուկայի կայունացումը
24.06.2009 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Վերջին տասնօրյակում պետական պարտատոմսերի շուկայում նկատվել է որոշակի աշխուժացում. ՀՀ ֆինանսների նախարարությունը բավականին հաջող կերպով անց է կացվել տեղաբաշխման երկու աճուրդ (10 եւ 20 տարի մարման ժամկետով):
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրին “Ռենեսա” ներդրումային ընկերությունում, աճուրդների արդյունքներից երեւում է, որ վերականգնվում է հետաքրքրությունը երկարաժամկետ արժեթղթերի նկատմամբ, ինչը վկայում է շուկայի կայունացման մասին:
“Բացի այդ, հաշվի առնելով նաեւ կարճաժամկետ եւ միջնաժամկետ արժեթղթերի նկատմամբ չնվազող հետաքրքությունը, կարելի է փաստել, որ ֆինանսական շուկայում առկա է որոշակի աշխուժացում”, - նշում են “Ռենեսայում”:
Ներդրումային ընկերությունում կարծիք հայտնեցին, որ պարտատոմսերի շուկայում կպահապանվի բարձր պահանջարկը եւ կշարունակվի տոկոսադրույքների իջեցումը, ինչին մեծապես կնպաստի ԿԲ-ի վարած ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը եւ նրա շրջանակներում իրականացված վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցումը 0.25 տոկոսային կետով, ինչպես նաև դրամական բազայի սպասվող ընդլայնումը` կապված ստացված ՌԴ վարկի ծախսման հետ:
Պարտատոմսերի շուկայի կայունացման մասին է վկայում նաեւ կորպորատիվ պարտքի հայաստանյան շուկայում մասնագիտացած “Կապիտալ Ասսեթ մենեջմենթ” ընկերության դիլեր-բրոքեր Ալիկ Առաքելյանը:
“Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում վիճակը կայուն է եւ որեւէ արտառոց երեւույթներ չեն նկատվում”, - ասել է Ալիկ Առաքելյանը:
Անցած շաբաթվա ընթացքում “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ում կնքվել են հիմնականում միայն բանկային հաստատությունների կորպորատիվ պարտատոմսերով գործարքներ: Կորպորատիվ պարտատոմսերով կնքված գործարքների ընդհանուր ծավալը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է մոտ 3 անգամ` կազմելով 162 675 940 դրամ: Ընդ որում, գործարքների ընդհանուր ծավալի մոտ 87%-ը կնքվել է “Կոնվերս Բանկի” պարտատոմսերով, որոնց եկամտաբերությունն անցած շաբաթվա արդյունքներով արձանագրել է աննշան (0.0002 տոկոսային կետով) աճ` կազմելով 10.6401%:
Տոկոսադրույքի միակ զգալի տատանումն անցած շաբաթվա արդյունքներով նկատվել է “Արդշինինվեստբանկի” պարտատոմսերով գործարքներում, որոնց եկամտաբերությունը նվազել է 1.3678 տոկոսային կետով և կազմել 12.9957%:
Ըստ Ալիկ Առաքելյանի, դա կարող է բացատրվել բանկի կողմից վերջին շրջանում իրականացված պարտատոմսերի մի շարք ետգնումներով:
Անդրադառնալով արտարժույթի շուկային, “Ռենեսայում” հայտնեցին, որ այդ շուկայի ներկա վիճակից ելնելով, դրամի որոշ չափով արժեւորումը կշարունակվի մինչեւ օգոստոսի վերջ եւ պայմանավորված է հիմնականում դրամի նկատմամբ սեզոնային ճնշման թուլացմամբ, որն էլ իր հերթին ներմուծման կրճատման եւ ընդհանուր գործարար ակտիվության նվազման արդյունք է:
“Արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ի հայտ կգան դրամի արժեզրկման միտումներ, որոնց պատճառը մի կողմից ԿԲ-ի վերը նշված միջոցառումների արդյունքում ընդլայված դրամական բազայի հետեւանքով դրամի առաջարկի ավելացումն է, իսկ մյուս կողմից` սեզոնային գործոնով պայմանավորված գործարար ակտիվության ավելացման հետ կապված` դոլարի նկատմամբ պահանջարկի մեծացումը”, - նշում են ներդրումային ընկերությունում:
Վերջին լուրեր
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
09.01.2025 | 10:45 Նորություններ
ՀՀ բանկային ոլորտի միջին աշխատավարձը գերազանցում է 830 հազար դրամը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: