“Ամերիաբանկը” շարունակում է բանակցել բանկ գնելու վերաբերյալ

23.06.2009 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի վարած ընդլայնողական դրամավարկային քաղաքականության դասական մոդելը կարող է չգործել ոչ դասական ճգնաժամի եւ սպառողական պահանջարկի նվազման պայմաններում, այսօր հայտարարել է “Ամերիաբանկի” զարգացման դեպարտամենտի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած ճեպազրույցում Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ ԿԲ-ի ընդլայնողական դրամավարկային քաղաքականության արդյունքում բանկային տոկոսադրույքների իջեցումը չի հանգեցնի վարկավորման համամասնական աճին:

Խոսելով այն խնդիրների մասին, որոնց բախվել է ՀՀ բանկային համակարգը համաշխարհային ճգնաժամի պայմաններում, Տիգրան Ջրբաշյանը նշել է վարկերի չվերադարձման եւ գրավներ/վարկեր հարաբերակցության կրճատման խնդիրները:

“Առաջին եռամսյակի արդյունքում չաշխատող վարկերի միջին մակարդակը ՀՀ բանկային համակարգում կազմում էր 7.8%, իսկ որոշ բանկերում այդ ցուցանիշը գերազանցում էր 10%-ը”,- ասել է Տիգրան Ջրբաշյանը: Նա նշել է, որ “Ամերիաբանկի” վարկային պորտֆելում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը կազմում է 0.6%, ինչը ՀՀ բանկային համակարգում ամենացածր ցուցանիշն է եւ պայմանավորված է բանկի ուղղվածությամբ դեպի խոշոր կորպորատիվ հաճախորդների սպասարկումը:

Տիգրան Ջրբաշյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել ՀՀ բանկային համակարգի իրավիճակը` ասելով, որ “նրա համեմատական կայունությունը բացատրվում է ոչ միայն փոքր չափերով եւ տնտեսության իրական հատվածին թույլ մասնակցությամբ, այլեւ նրանով, որ կարգավորչի կողմից ռիսկերի գնահատման պահանջները բավականին խիստ են”:

“Հայաստանի բանկային համակարգում հատուկ սթրեսներ չեն սպասվում, եւ եթե ՀՀ բանկերը տարին ավարտեն շահույթի գոնե զրոյական ցուցանիշով, դա դրական արդյունք կլինի”,- ասել է Տիգրան Ջրբաշյանը` հավելելով, որ բանկերը ստիպված են լինելու ավելացնել իրենց կապիտալները եւ դրա համար կարող են գնալ կլանումների եւ միաձուլումների ճանապարհով:

Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ “Ամերիաբանկը” դեռեւս քննարկում է բանկի ձեռք բերման մի քանի տարբերակներ եւ վարում է համապատասխան բանակցություններ:

Դիտում՝ 15017
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW