Հայաստանը պետք է ունենա արագ արձագանքման համակարգ, կարծում են “Ամերիաբանկում”

23.06.2009 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները ճիշտ են ծրագրված, սակայն իրականացվում են ուշացումով, այսօր հայտարարել է “Ամերիաբանկի” զարգացման դեպարտամենտի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած ճեպազրույցում Տիգրան Ջրբաշյանը դրական է գնահատել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները` նշելով դրանք ժամանակին կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

“Համաշխարհային տնտեսությունում իրավիճակը շարունակում է վատթարանալ, եւ Հայաստանը պետք է ունենա մարտահրավերներին արագ արձագանքելու համակարգ”,- ասել է Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքերով, կառավարության աշխատանքը դանդաղեցնում է այն հանգամանքը, որ նա ստիպված է պայքարել ճգնաժամի դեմ եւ միաժամանակ հավասար պայմաններ ապահովել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, ինչը չէր անում մինչեւ ճգնաժամը:

Պատասխանելով Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրների համեմատ Հայաստանի վերաբերյալ ԱՄՀ-ի հոռետեսական կանխատեսման պատճառների մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ տնտեսական անկում է սպասվում տարածաշրջանի բոլոր երկրներում, իսկ Հայաստանի վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության առանձնահատկությունը պայմանավորված է ՀՀ տնտեսության անհամաչափությամբ:

“Այնուամենայնիվ, Հայաստանն արտաքին պարտքի փոքր ծավալների շնորհիվ ավելի շահեկան վիճակում է գտնվում, քան Արեւելյան Եվրոպայի երկրները, ինչը հեշտացնում է միջազգային կառույցներից վարկերի ներգրավումը”,- եզրափակել է Տիգրան Ջրբաշյանը:

Դիտում՝ 15129

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW