Երեւան /Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ “Արդշինինվեստբանկին” կտրամադրի $5 մլն վարկ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այսօր Երեւանում համապատասխան համաձայնագիր են ստորագրել ՄՖԿ-ի տարածաշրջանային տնօրեն Սնեժանա Ստոյլկովիչը եւ “Արդշինինվեստբանկի” վարչության փոխնախագահ Սերգեյ Վիրաբյանը: Սերգեյ Վիրաբյանի խոսքերով, ստացված միջոցներն ուղղվելու են արտաքին առեւտրի ֆինանսավորմանը: Համաձայնագրի շրջանակներում “Արդշինինվեստբանկը” կմասնակցի առեւտրի ֆինանսավորման /GTFP/ ՄՖԿ-ի համաշխարհային ծրագրին եւ այդպիսով հնարավորություն կստանա դառնալ առեւտրի ոլորտում ստանդարտ ֆինանսական ծառայություններ առաջարկող միջազգային բանկերի ցանցի մասնակից, որոնք նպաստում են երկրի արտաքին առեւտրի զարգացմանը: Սնեժանա Ստոյլկովիչի խոսքերով, դա միայն առաջին ծրագիրն է “Արդշինինվեստբանկի” հետ ՄՖԿ-ի հետ փոխհամագործակցության ճանապարհին: Նա ընդգծել է, որ վարկային միջոցները թույլ կտան ավելացնել հայաստանյան ընկերությունների մրցունակությունը, աշխատատեղեր բացել եւ նոր հնարավորություններ կընձեռեն տնտեսության զարգացման համար: Նշենք, որ ՄՖԿ-ն “Արդշինինվեստբանկի” 10% բաժնետոմսերի բաժնետերն է եւ արդեն բանկին հատկացրել է $25 մլն վարկային միջոցներ: Tweet Դիտում՝ 14416