Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականին “Արարատբանկի” աճի միջին տեմպը կազմել է 45%: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր ասել է “Արարատբանկի” գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Բաժնետերերի տարեկան ժողովում ներկայացնելով բանկի ցուցանիշները` նա նշել է, որ “Արարատբանկի” ընդհանուր ակտիվները 2008 թվականին կազմել են 29 մլրդ 632,2 մլն դրամ` 2007թ. համեմատ ավելանալով 193. 3%-ով: Բանկի վարկային պորտֆելը 2007թ. համեմատ աճել է 32.9%-ով` կազմելով 12 մլրդ 189,6 մլն դրամ: Ինչպես նշել է Աշոտ Օսիպյանը, այս տարի բանկը շարունակելու է վարկեր տրամադրել, միաժամանակ, վարկավորման քաղաքականությունը լինելու է ավելի զուսպ եւ ընտրողական: Նա ընդգծել է, որ ավելանալու են փոխառուների նկատմամբ պահանջները: Հաճախորդներից բանկի ներգրաված միջոցները 2008 թվականին կազմել են 12 մլրդ 142,5 մլն դրամ` 2007թ. համեմատ աճելով 3.8%-ով: Բանկի եկամուտները հաշվետու ժամանակահատվածում 2007թ. համեմատ ավելացել են 74.7%-ով` կազմելով 580,8 մլն դրամ, իսկ բանկի ընդհանուր կապիտալը 2008թ. դրությամբ կազմել է 7 մլրդ 544,6 մլն դրամ (2007թ. համեմատ աճը` 69%): Ինչպես նշել է Աշոտ Օսիպյանը, 2008 թվականը հաջող էր “Արարատբանկի” համար: Նախորդ տարի բացվել են նոր մասնաճյուղեր եւ կյանքի են կոչվել նոր ծրագրեր: “Շատ կարեւոր է, որ ճգնաժամի պայմաններում մեզ հաջողվել է համագործակցության մասին նոր պայմանագիր կնքել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ հետ, համաձայն որի` ՎԶԵԲ-ը ձեռք է բերել “Արարատբանկի” 25%+1 բաժնետոմսերը”,- ասել է Աշոտ Օսիպյանը` հավելելով, որ շուկայի համար յուրօրինակ ազդանշան է այն, որ “Արարատբանկը” կայուն եւ զարգացող բանկ է: Բանկի գործադիր տնօրենի խոսքերով, “ճգաժամն, իհարկե, ազդում է մեր գործունեության վրա, քանի որ մենք կարող էինք ավելի շատ ծրագրեր իրագործել”: Աշոտ Օսիպյանի խոսքերով, ճգնաժամի պայմաններում “Արարատբանկը” վարում է ավելի պահպանողական քաղաքակություն եւ ձգտում է պահպանել զարգացման տեմպը, որը, նրա գնահատմամբ, 2009 թվականին կազմելու է 25-30%: Tweet Դիտում՝ 13738