Երևան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր համաշխարհային ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղված մի շարք որոշումներ է կայացրել: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կառավարությունն որոշել է մինչեւ 2011թ. հունվարի 1-ը դադարեցնել ստուգումները փոքր եւ միջին բիզնեսի բոլոր այն ձեռնարկություններում /ՓՄՁ/, որոնց տարեկան շրջանառությունը 2008թ. արդյունքներով չի գերազանցել 70 մլն դրամը: Որոշումը չի վերաբերում միայն այն ստուգումներին, որոնք իրականացվում են Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների կողմից: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս որոշումն անվանել է ՙաննախադեպ՚ եւ հիշեցրել, որ Հայաստանում գործում են 22 գերատեսչություններ, որոնք իրականացնում են ՓՄՁ սուբյեկտների ստուգումներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այդ որոշումն ընդունվում է ՀՀ նախագահի հանձնարարությամբ: Տիգրան Սարգսյանն ասել է, որ ստուգումներ կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` վարչապետի հատուկ հանձնարարությամբ: «Այդ միջոցառումն ուղղված է համաշխարհային ճգնաժամի ազդեցության նկատմամբ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների դիմադրողականության բարձրացմանը»,- նշել է կառավարության ղեկավարը: Tweet Դիտում՝ 13012