Երեւան /Մեդիամաքս/. Այսօր ՀՀ Ազգային Ժողովում կայացավ կառավարության ներկայացրած “Հայաստանի Հանրապետությունում միջուկային նոր էներգաբլոկ(ների) կառուցման մասին” օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նախագծի համաձայն, նոր էներգաբլոկի հզորությունը կկազմի 1200 ՄՎտ: Նոր միջուկային էլերգաբլոկի կառուցումը կիրականացվի ՀՀ օրենսդրության եւ գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական ու “Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության” /ՄԱԳԱՏԵ/ անվտանգության չափանիշների համաձային: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, շինարարությունը նախատեսվում է սկսել 2012 թվականին նույն հարթակում, որտեղ տեղակայված է գործող ատոմակայանը: Ներկա պահին տարվում են նախապատրաստական աշխատանքներ` նախագծի ընտրության եւ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ: Նախարարի խոսքերով, նոր միջուկային էներգաբլոկի հզորությունը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի արտահանում: Հանրությունը եւ բնապահպանական կազմակերպությունները տարեկան առնվազն 2 անգամ կտեղեկացվեն կատարվող աշխատանքների ընթացքի մասին: Tweet Դիտում՝ 11483