Երեւան /Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամը /ԱՄՀ/ կարծում է, որ Հայաստանի տնտեսական հեռանկարները 2009-2010թթ.-ին ամենահոռետեսականն են Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շարքում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԱՄՀ-ի այսօր Երեւանում ներկայացրած հետազոտության համաձայն, 2009 թվականին Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներից տնտեսական ետընթաց կնկատվի միայն Հայաստանում (-5%) եւ Ղազախստանում (-2%): 2010 թվականին ՀՆԱ աճ է սպասվում տարածաշրջանի բոլոր երկրներում, բացի Հայաստանից, որտեղ տնտեսական աճը, ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն, զրոյական կլինի: Այս տարի Ադրբեջանում եւ Վրաստանում ԱՄՀ-ը կանխատեսում է ՀՆԱ աճ, համապատասխանաբար, 2.5% եւ 1%-ով, իսկ 2010 թվականին, համապատասխանաբար, 12.3% եւ 3%-ով: ԱՄՀ-ի առաքելության Հայաստանի գծով ղեկավար Մարկ Լյուիսը ՀՀ-ի վերաբերյալ նման կանխատեսումը բացատրել է շինարարական հատվածում կտրուկ անկմամբ, որը նախկինում տնտեսության աճի հիմնական գործոնն էր, ինչպես նաեւ Հայաստանի կողմից արտահանվող հումքի միջազգային գների նվազմամբ: ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Ռաթնա Սահայը դրական է գնահատել ՀՀ կառավարության հակաճգնաժամային գործողությունները` նշելով, որ այն պետք է շարունակի պահպանել ազգային արժույթի ճկունությունը, դիմակայել ֆինանսական ոլորտի ռիսկերին եւ օգտագործել հարկային խթանների հնարավորությունները: Մարկ Լյուիսն իր հերթին նշել է լողացող փոխարժեքի հաջողված ռեժիմը եւ Հայաստանի միջազգային պահուստների կայունացումը: Tweet Դիտում՝ 10497