Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել երկրի հարկային օրենսդրությունում փոփոխությունների փաթեթը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ասել է, որ կառավարությունը ստիպված է օպերատիվ կարգով հարկային վարչարարության խստացման որոշ միջոցներ ընդունել առանձնապես խոշոր բիզնեսի նկատմամբ: Նրա խոսքերով, այսուհետ բոլոր այն ձեռնարկություններում, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 4 մլրդ դրամը, իսկ աշխատակիցների թիվը` 500-ը, ներկա է լինելու հարկային մարմինների ներկայացուցիչ: Նա վստահություն է հայտնել, որ նոր ինստիտուտը կբարձրացնի հարկային վերահսկողության մակարդակն ու կհանգեցնի ստվերային տնտեսության կրճատմանը: Արմեն Ալավերդյանն ասել է, որ օրենսդրական փոփոխությունները ենթադրում են նաեւ ակցիզային պահեստների ստեղծում այն ձեռնարկությունների համար, որոնք զբաղվում են ենթաակցիզային ապրանքների (ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ եւ այլն) արտադրությամբ եւ ներկրմամբ, ինչը հարկային մարմիններին թույլ կտա մանրակրկիտ հսկողություն իրականացնել յուրաքանչյուր գործարքի նկատմամբ: Մյուս փոփոխությունը վերաբերում է հարկային վարչարարության պարզեցմանը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար: Այսպես, կառավարությունն առաջարկում է երկու տարով դադարեցնել կատարված ծախսերի մասին համապատասխան փաստաթղթի /հաշիվ ֆակտուրայի/ բացակայության համար նախատեսված 20%-ի չափով տուգանքի գործողությունը: Այլ փոփոխությունների համաձայն, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն ունեն մատակարարողի փոխարեն պետբյուջե վճարել եկամտահարկը` արտադրանքի արժեքի 10%-ի չափով եւ այդ գումարը ներկայացնել որպես սեփական ծախս: Արմեն Ալավերդյանն ասել է, որ վերոհիշյալ միջոցառումները կրում են հակաճգնաժամային բնույթ եւ ուղղված են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հարկային բեռի թեթեւացմանը: Նրա խոսքերով, շուտով օրենսդրական փոփոխությունների փաթեթը կներկայացվի ՀՀ ԱԺ քննարկման: Tweet Դիտում՝ 15729