Երևան /Մեդիամաքս/. Հայաստանյան BSC ընկերությունը Oxford Financial Training-ի հետ համատեղ կազմակերպում են բացառիկ դասընթացներ ՀՀ բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների համար: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում տեղեկացրել է BSC-ի բաժնետեր տնօրեն Սամվել Գեւորգյանը, դասընթացների թեմաներն են` «Ֆինանսական ռիսկերի կառավարում» եւ «Ակտիվների եւ պարտավորությունների կառավարում»: Դասընթացների ընթացքում ներկայացվելու են ֆինանսական ռիսկերի կառավարման ժամանակակից մեթոդները, որոնք հիմնված են Value-At-Risk (VAR) կոնցեպցիայի եւ սթրես վերլուծության վրա, ինչպես նաեւ ակտիվների եւ պարտավորությունների կառավարման ժամանակակից մոտեցումները, բանկային ռիսկերի գնահատման քանանակական մեթոդների կիրառումը եւ ֆինանսական շուկայի մասին այլ օգտակար թեմաներ: Սամվել Գեւորգյանի խոսքերով, ճգնաժամային պայմաններում առավել արդիական է դառնում բիզնես գործընթացների կառավարման ներքո ռիսկերի գրագետ եւ ճկուն կառավարումը, ինչը հնարավորություն է ստեղծում որոշակի չափաբաժնով կանխատեսել եւ զերծ մնալ տնտեսության ու տնտեսվարող սուբյեկտների իռացիոնալ վարքագծի արդյունքներից, ինչպես նաև օպտիմիզացնել բիզնեսի կառավարման քաղաքականությունն ու բյուջեն: «Մեր հաճախորդների մասնագիտական կարիքների բավարարման նպատակով BSC-ն իրականացրել է մի շարք հետազոտություններ երկրի ֆինանսական ոլորտում գործող ձեռնարկությունների շրջանակներում` բացահայտելու վերապատրաստման այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնային են կազմակերպվող դասընթացների օրակարգում»,- ընդգծել է BSC-ի տնօրենը: Ինչպես նշել է Սամվել Գեւորգյանը, BSC-ն ունի թրենինգային ծրագրերում արտասահմանյան մասնագետներ ներգրավելու բավականաչափ մեծ փորձ, մասնավորապես, «Տրիոդոս Ֆասեթ» հոլանդական ընկերության, Ռուսաստանի «Ժարկին եւ գործընկերներ» բրենդինգային գործակալության, Ուկրաինայի «Business Solutions» եւ միջազգային «Oxford Financial Training» ընկերությունների հետ: «Ֆինանսական ռիսկերի կառավարում» եւ «Ակտիվների եւ պարտավորությունների կառավարում» դասընթացները տեղի կունենան մայիսի սկզբին, դրանք կանցկացնի Oxford Financial Training-ի մասնագետ Վլադիմիր Կուզնեցովը: Tweet Դիտում՝ 12608