Երևան /Մեդիամաքս/. Ռուբեն եւ Վերոնիկա Վարդանյանների ընկերների հիմնադրամը, «Հայաստան 2020» ծրագիրը եւ ARGA հիմնադրամը հանդես են եկել Տաթեւի վանքի վերակառուցման եւ զարգացման նախաձեռնությամբ: Նախագծում ներդրումների ծավալը կկազմի շուրջ $20 մլն: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի հովանու ներքո, իսկ ծրագրի մշակման պատասխանատվությունը ստանձնել է «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը: Մինչեւ նախագծի ավարտը, որը նախանշված է 2012 թվականին, «Ամերիան» նաեւ համակարգելու եւ վերահսկելու է նախագծի շրջանակներում կատարվող բոլոր աշխատանքները: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին տեղեկացրել են «Ամերիայում», նախագծի հիմնական նպատակներն են` Տաթեւի վանքի վերակառուցման շնորհիվ զբոսաշրջության զարգացումը Հայաստանի հարավային շրջաններում, պետության գիտակրթական ենթակառուցվածքի ապակենտրոնացումը` Սյունիքի մարզում հետազոտական կենտրոնի ստեղծման միջոցով, Սյունիքի մարզի հեռավոր գյուղերի հետ կապի ապահովումը եւ տարածաշրջանում ագրոբիզնեսի զարգացմանն օժանդակելը: Նախագծի շրջանակներում ստեղծվելու են անհրաժեշտ ենթակառուցվածքներ` կառուցվելու է ճոպանուղի Որոտանի կիրճի վրայով, որը դառնալու է աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Այս աշխատանքների իրականացումը վստահվելու է համաշխարհային ճանաչում, բացառիկ մասնագիտական հմտություններ եւ փորձ ունեցող կազմակերպության: Նախագծի իրականացման վերջնական փուլում նախատեսվում է ճոպանուղու հարեւանությամբ կառուցել հյուրանոցային համալիր` XVIII-XIX դարերի հայկական ճարտարապետության ոճով: Աշխատանքները մեկնարկելու են ճոպանուղու կառուցման աշխատանքներին զուգընթաց: Tweet Դիտում՝ 15465