Երեւան /Մեդիամաքս/. “Ինեկոբանկի” պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունենում մեծ դժվարությամբ, ՄԵԴԻԱՄՍՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է “Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ” ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը: “Կապիտալ Ասսեթ Մենեջմենթը” “Ինեկոբանկի” պարտատոմսերի տեղաբաշխողն է: Տիգրան Կարապետյանը տեղեկացրել է, որ բանկի պարտատոմսերի տեղաբաշխման մակարդակը դեռեւս զրոյական է` նշելով, որ ներկայումս ներդրողների ակնկալիքները հոռետեսական են, եւ նրանք գերադասում են կուտակել խնայողությունները: Տիգրան Կարապետյանը հույս է հայտնել, որ ապրիլի երկրորդ կեսին ներդրողները կակտիվանան: “Ինեկոբանկի” միջազգային շուկաներում գործառնություների բաժնի ղեկավար Ռուբեն Պապիկյանը ՄԵԴԻԱՄՍՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է, որ բանկը հուսով է, որ պարտատոսմերը հաջողությամբ կտեղաբաշխվեն` հաշվի առնելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) “Ինեկոբանկի” պարտատոմսերում ներդրողներին տրամադրում է 50%-ոց երաշխիք: “USAID-ի երաշխիքը հակակշիռ է շուկաների հոռետեսական սցենարներին”,- ասել է Ռուբեն Պապիկյանը: Տեղաբաշխման ավարտից հետո (ս.թ. ապրիլի 27-ը) պարտատոմսերը ցուցակվելու են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայում: Բանկի դիսկոնտային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը սկսվել էր մարտի 25-ին եւ ավարտվելու է ապրիլի 27-ին: Տրանշի ծավալը 350 մլն դրամ է: Տեղաբաշվում են 50 հազ. դրամ անվանական արժեքով 7 հազ. պարտատոմսեր: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 9.5%: Մարման ժամկետը 2010թ. մարտի 25-ն է: Թողարկման ազդագրում նշվում է, որ տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն ուղղվելու են վարկավորմանը: Բանկի արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը 2.7 մլրդ դրամ է: Պարտատոմսերի անվանական արժեքը 50 հազ. դրամ է, քանակը` 54 հազ. հատ, որից 37 հազ.-ը տեղաբաշխվելու են որպես դիսկոնտային պարտատոմսեր` 365 օր շրջանառության ժամկետով, իսկ մնացած 17 հազ.-ը տեղաբաշխվելու են որպես արժեկտրոնային պարտատոմսեր` 18 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը ոչ փոխարկելի են: Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումը կատարվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությամբ, որը բանկի պարտատոմսերը ձեռքբերած ներդրողներին տրամադրում է 50%-ոց երաշխիք: Ռուբեն Պապիկյանը հայտնել է, որ “Ինեկոբանկի” թողարկման մնացած մասը տեղաբաշխվելու է 3-4 տարվա ընթացքում: Tweet Դիտում՝ 16245