Երեւան /Մեդիամաքս/. Forbes ամսագրի “Բիզնես վարող լավագույն երկրները 2009” ամենամյա վարկանիշում Հայաստանը մնացած երկրների համեմատ ռեկորդային անկում է արձանագրել: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով Forbes ամսագրի ինտերնետային կայքը, մարտի 18-ին հրապարակված ամենամյա վարկանիշում Հայաստանը դիրքերը զիջել է 31 կետով` 127 երկրների մեջ զբաղեցնելով 94-րդ տեղը: 2008թ. համեմատ Forbes-ը Հայաստանում արձանագրել է առեւտրի ազատության աճ (12-րդ տեղը)` միաժամանակ նշելով վարկանիշերի անկում հետեւյալ կարգերում. դրամական ազատություն (53-րդ տեղը), մասնավոր սեփականության իրավունք (96-րդ տեղը), նորարարություններ (100-րդ տեղը), տեխնոլոգիաներ (106-րդ տեղը), կոռուպցիա (89-րդ տեղը) եւ անձի ազատություն (94-րդ տեղը): “Վերջին տարիներին կառավարությունը որոշակի բարելավումներ է ներմուծել հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում, սակայն հակակոռուպցիոն միջոցառումները ներդրվում են մեծ դժվարությամբ: Չնայած տնտեսական աճի բարձր տեմպին, ՀՀ-ում գործազրկության մակարդակը մնում է բարձր աստիճանի վրա: Պետությունը տնտեսական մրցակցության բարելավման նպատակով պետք է լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ իրականցնի ` հիմնվելով աղքատության ու գործազրկության դեմ պայքարի ոլորտի վերջին զարգացումների վրա”,- նշում է Forbes-ը: Ադրբեջանն այդ վարկանիշում դիրքերը զիջել է 5 կետով` զբաղեցնելով 87-րդ տեղը, Վրաստանը 2008թ. համեմատ դիրքերը բարելավել է 7 կետով եւ զբաղեցնում է 61-րդ տեղը: Ցուցակում Հայաստանի հարեւանները Մոլդովան ու Քենիան են: Առաջատարի դիրքերը ցուցակում պահպանել է Դանիան, որին հետեւում են ԱՄՆ-ը եւ Կանադան: Ցուցակի կազմման համար օգտագործվել են Heritage հիմնադրամի, Համաշխարհային տնտեսական ֆորումի, Համաշխարհայն բանկի, Transparency International-ի, Freedom House-ի, Deloitte Tax-ի, ԱՄՆ-ի առեւտրային պալատի եւ ԿՀՎ տվյալները: Tweet Դիտում՝ 10977