Երեւան /Մեդիամաքս/. Մինչ ճգնաժամը Հայաստանի տնտեսական մոդելը չափազանց խոցելի էր, այսօր Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով “Ճգնաժամ. ռուսական եւ հայկական վարկածները” համաժողովում` Սերգեյ Կապինոսն ասել է, որ կախվածությունը տրանսֆերտներից ու ապրանքների ներկրումից խոչընդոտում էին ազգային տնտեսության զարգացմանը: “Հայաստանում այդպես էլ միջին խավ չձեւավորվեց, ուժեղանում է եկամուտների բեւեռացումը”,- ասել է Սերգեյ Կապինոսը` շեշտելով համալիր տնտեսական բարեփոխումների, կրթության եւ գիտության ոլորտում ներդրումների, ինչպես նաեւ ՀՀ տնտեսության կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը: Սերգեյ Կապինոսն ընդգծել է փոքր եւ միջին բիզնեսի կարեւորությունը ՀՀ տնտեսության համար` առաջարկելով վերջինիս հարկային արտոնություններ տալ ճգնաժամի պայմաններում: Դեսպանը շեշտել է Հայաստանում տնտեսական մրցակցության հետ կապված խնդիրների առկայությունը: “Փոքր եւ միջին բիզնեսին օժանդակելու միջոցառումների արդյունավետությունը նվազագույն է առանց մենաշնորհի դեմ պայքարի”,- ասել է Սերգեյ Կապինոսը: Նա ընդգծել է ՀՀ-ում գործարար միջավայրի որակի բարելավման անհրաժեշտությունը` նշելով, որ գործարար մթնոլորտի որոշ ցուցանիշներով Հայաստանը “անթույլատրելի ցածր դիրքեր” է զբաղեցնում: ՀՀ-ում ԵԱՀԿ դեսպանն ասել է, որ հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար պետբյուջեի միջոցները բավարար չեն` ողջունելով արտաքին միջոցների ներգրավմանն ուղղված կառավարության միջոցառումներն ու շեշտելով “դրանք խելամիտ եւ արդյունավետ ծախսելու” անհրաժեշտությունը: Tweet Դիտում՝ 12897