Երեւան /Մեդիամաքս/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը /ՀԱԿ/ “պետական հանցագործություն” է անվանել լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու ԿԲ-ի որոշումը` հայտարարելով, որ ժողովրդին “սոցիալական կործանման” հասցնելու ամբողջ պատասխանատուն “հանցավոր եւ ապօրինի իշխանությունն” է: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀԱԿ-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ վերջին ամիսների ընթացքում ընդդիմությունն իշխանություններին բազմիսց կոչ էր անում հրաժարվել ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունից, սակայն վերջիններս վարել են “ներմուծող օլիգարխների շահերի սպասարկմանն ուղղված անհեռատես եւ հանցավոր քաղաքականություն”: Հայտարարությւոնում ասվում է, որ վերջին 4-5 ամիսների ընթացքում իշխանությունները Հայաստանի արտաքին պահուստներից շուկա են նետել ավելի քան $ 800 մլն, “որն ամբողջությամբ մտել է մեկ-երկու տասնյակ օլիգարխների եւ պաշտոնյաների գրպանը”: ՀԱԿ-ը հանդես է եկել ստեղծված իրավիճակից դուրս գալուն ուղղված մի շարք առաջարկություններով: Ինչպես ասվում է հայտարարությունում, ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է նախեւառաջ հանրային ծառայությունների (մասնավորապես` գազի եւ էլեկտրաէներգիայի) գների իջեցում, այդ բնագավառում հանրային ծառայությունները կարգավարող պետական մարմինների գործունեության հրապարակայնության հաստատում եւ նրանց կողմից վերահսկողության հաստատում` գերշահույթների բացառման նպատակով: ՀԱԿ-ը առաջարկում է նաեւ “բանկային համակարգից ավանդների արտահոսքը կանխելու նպատակով” բանկային ավանդների երաշխավորված շեմի բարձրացում` 2 մլն-ից մինչեւ 5 մլն դրամ: Tweet Դիտում՝ 9422