Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած Կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է անշարժ գույքի շուկայում արձանագրված ակտիվությանը: «Երկրորդային շուկան էլ բավականին ակտիվ է, եւ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի անշարժ գույքի հետ կապված 15 հազարով ավելի գործարքներ ունենք: Ընդ որում՝ սա վերաբերում է տարբեր գործարքներին: Դա միայն առքը եւ վաճառքը չէ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն արձանագրել է՝ Երեւանում կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային, այդ թվում՝ Սփյուռքի մեր հայրենակիցների ու այն մարդկանց համար, որոնք ուղղակի ուզում են ներդրում անել: Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ այդ ֆոնին անշարժ գույքի գները շարունակաբար աճում են։ «Մենք քննարկումներ ենք ունենում, եւ մեր նախնական եզրակացությունն այն է, որ շուկայի գործընթացներին կոշտ միջամտություններ անելն այնքան էլ ճիշտ չէ։ Առաջիկայում անդրադառնալու ենք բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման խնդրին, իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիր։ Շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր»,-ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ Կառավարության պլանը 800 մլրդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու համար։ Tweet Դիտում՝ 264