Կենտրոնական բանկում ամփոփվել են Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի արդյունքները։ Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի փետրվարի 15-ին՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով երիտասարդ մասնագետների շրջանում: Հայտերի ընդունման մեկուկես ամսվա ընթացքում ստացվել է 701 դիմում։ Մրցակցային ընտրության արդյունքում ծրագրին մասնակցելու հնարավորություն է ստացել 40 երիտասարդ մասնագետ, ովքեր հաջողությամբ ավարտել են շուրջ մեկ տարի տեւած մասնագիտական զարգացման ծրագիրը։ԿԲ-ից հայտնել են, որ ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Կենտրոնական բանկի գործունեությանը, փորձել իրենց ուժերը տարբեր մասնագիտական ուղղություններում եւ դառնալ իրական աշխատանքային գործընթացների մասնակից: Մասնագիտական փորձառությունն անցկացվել է Կենտրոնական բանկի հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներում՝ յուրաքանչյուր կիսամյակ գործունեություն ծավալելով տարբեր վարչությունում։ Այս ձեւաչափը հնարավորություն է տվել նրանց ծանոթանալ աշխատանքի տարբեր ուղղություններին եւ ձեռք բերել հնարավորինս բազմակողմանի մասնագիտական գիտելիքներ ու գործնական հմտություններ։ Ծրագրի ավարտին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակիցներին հանձնել է մասնակցության հավաստագրեր։ Հաջորդ փուլում ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան հավակնելու Կենտրոնական բանկում առկա թափուր հաստիքներին եւ ստանալու աշխատանքի առաջարկ։ Tweet Դիտում՝ 487