CaseKey 2026-ը մեկնարկում է աննախադեպ հետաքրքրությամբ ու նոր հնարավորություններով, եւ արդեն չորրորդ տարին անընդմեջ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությամբ։ Բանկից հայտնել են, որ այս տարի CaseKey-ն զգալիորեն տարբերվում է նախորդ տարիների ծրագրից իր ուժեղացված ակադեմիական բաղադրիչով։ Եթե նախկինում հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ուսանողների գործնական հմտությունների զարգացման, բիզնես խնդիրների լուծման եւ մրցութային պատրաստվածության վրա, ապա CaseKey 2026-ը նպատակ ունի նաեւ ուսանողներին անմիջականորեն կապելու աշխարհի առաջատար համալսարանների եւ ակադեմիական համայնքների հետ։Ծրագրի առաջին փուլը՝ CaseKey Academy-ն, կմեկնարկի հունիսին եւ կշարունակվի ամբողջ ամառվա ընթացքում։ Ակադեմիայի շրջանակում մասնակիցները կստանան խորացված գիտելիքներ ռազմավարության, ֆինանսների, մարքեթինգի, տվյալների վերլուծության, բիզնես մոդելավորման, ներկայացման հմտությունների եւ թիմային աշխատանքի ոլորտներում։ Դասընթացները կվարեն ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային փորձագետներ եւ դասախոսներ։Այս ընթացքում մասնակիցների հետ կաշխատեն նաեւ միջազգային գործընկեր թիմեր Հոնկոնգի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանից, Կոնկորդիայի համալսարանից (Կանադա) ու Եվրոպայի առաջատար համալսարաններից մեկից։ Ակադեմիական փուլից հետո CaseKey 2026-ը կանցնի իր մրցութային հատվածին։ Սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին թիմերը կլուծեն հայկական առաջատար ընկերությունների եւ կազմակերպությունների կողմից ներկայացված երեք առանձին բիզնես քեյս։ Ծրագրի գագաթնակետը կլինի CaseKey 2026-ի մեծ եզրափակիչը, որի բիզնես խնդիրը կհրապարակվի նոյեմբերի վերջին։ Եզրափակիչ փուլ անցած թիմերը կհավաքվեն Դիլիջանում, որտեղ կունենան 4 օր շարունակ ինտենսիվ աշխատելու հնարավորություն։ Այդ ընթացքում նրանք կվերլուծեն վերջնական քեյսը, կմշակեն ռազմավարական առաջարկություններ, կստանան մենթորական աջակցություն եւ կնախապատրաստեն իրենց վերջնական լուծումները։«CaseKey-ն վաղուց արդեն դարձել է երիտասարդների ներուժը բացահայտող եւ զարգացնող լուրջ հարթակ։ Մեզ համար կարեւոր է արդեն չորրորդ տարին անընդմեջ նպաստել այն հնարավորությունների ստեղծմանը, որոնք երիտասարդներին կապում են ոչ միայն տեղական բիզնեսի, այլեւ միջազգային ակադեմիական աշխարհի հետ։ Վստահ ենք՝ ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ ու կապեր, որոնք կարեւոր դեր կունենան նրանց մասնագիտական ապագայի ձեւավորման գործում»,- ծրագրի մեկնարկին նշել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։«Մեզ համար հատկապես ոգեւորիչ է տեսնել, թե ինչպես է CaseKey համայնքը տարեցտարի աճում եւ ավելի մեծ թվով երիտասարդների ներգրավում։ Այս աճն ու շարունակական զարգացումը հնարավոր են դառնում նաեւ այն գործընկերների շնորհիվ, որոնք կիսում են մեր տեսլականը։ Ուրախ ենք, որ Բիբլոս Բանկ Արմենիան արդեն մի քանի տարի շարունակ կանգնած է CaseKey-ի կողքին՝ աջակցելով ծրագրի զարգացմանն ու ընդլայնմանը»,- ասել է CaseKey-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։Այս տարի բիզնես խնդիրների լուծման մրցույթին դիմել է ավելի քան 800 ուսանող Հայաստանի տարբեր բուհերից եւ կրթական հաստատություններից։ Բազմաստիճան ընտրության արդյունքում ընտրվել է 234 մասնակից, որոնք ձեւավորել են 25 թիմ։ «Կարեւորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, զարգացող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր եւ կրթական նախագծեր»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1428