Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված 1-ին համալսարանը Հայաստանում

18.06.2026 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսագիտական համալսարան #CFA Institute

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կարեւոր միջազգային ձեռքբերում է գրանցել՝ դառնալով Հայաստանում առաջին համալսարանը, որի կրթական ծրագիրը միացել է CFA Institute-ի Համալսարանական համագործակցության ծրագրին (University Affiliation Program)։


CFA Institute-ը ներդրումային մասնագետների համաշխարհային առաջատար կազմակերպությունն է, որը սահմանում է մասնագիտական գերազանցության եւ էթիկական վարքագծի չափանիշները ֆինանսական ոլորտում։ Աշխարհում գործում են ավելի քան 200,000 CFA, այսպես կոչված, Charterholder-ներ՝ 164 երկրում, իսկ CFA որակավորումը համարվում է ներդրումների եւ ֆինանսների ոլորտի ամենահեղինակավոր մասնագիտական հավաստագրերից մեկը։ Ըստ Modex խորհրդատվական ընկերության հրապարակման, մեկ միլիոն բնակչի հաշվով CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թվով Հայաստանը առաջատար է ԱՊՀ-ում։

CFA Institute-ի կողմից իրականացված համապարփակ գնահատման արդյունքում ՀՊՏՀ-ի «Ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագիրը ճանաչվել է որպես CFA Program-ի բովանդակությանն էականորեն համահունչ ծրագիր՝ ապահովելով ուսանողների պատրաստվածությունը ֆինանսների, ներդրումների, բանկային գործի եւ կապիտալի շուկաների ոլորտներում հետագա մասնագիտական զարգացման համար։

CFA Institute-ը բարձր է գնահատել ծրագրի համապատասխանությունը մի շարք առանցքային ուղղություններով, այդ թվում՝ մասնագիտական էթիկայի, քանակական մեթոդների, տնտեսագիտության, ֆինանսական հաշվետվությունների վերլուծության, կորպորատիվ ֆինանսների, բաժնային եւ պարտատոմսային ներդրումների, ածանցյալ գործիքների եւ ներդրումային պորտֆելների կառավարման ոլորտներում։

Հավատարմագրումը ՀՊՏՀ-ին հնարավորություն է տալիս միանալ CFA Institute-ի գործընկեր համալսարանների միջազգային ցանցին, որի անդամ են աշխարհի առաջատար բուհերը, որոնք պատրաստում են ֆինանսների եւ ներդրումների ոլորտի մասնագետներ։ Համալսարանական համագործակցության ծրագրին միանալու կարեւորագույն առավելություններից է CFA Institute-ի ուսանողական կրթաթոշակներին հասանելիությունը։

2026 թվականի համար ՀՊՏՀ-ին հատկացվել է 3 CFA Program Student Scholarship, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին արտոնյալ պայմաններով մասնակցել CFA ծրագրին եւ սկսել իրենց ճանապարհը դեպի աշխարհի ամենահեղինակավոր ֆինանսական մասնագիտական որակավորումներից մեկը՝ Chartered Financial Analyst (CFA)։ CFA Program Student Scholarship կրթաթոշակը նվազեցնում է CFA քննության գրանցման վճարը մինչեւ $600 եւ ազատում է ծրագրին միանալու միանվագ վճարից, ինչը նոր թեկնածուների համար ապահովում է շուրջ $1000 արտոնություն։ 

ՀՊՏՀ-ի անդամակցությունը CFA Institute University Affiliation Program-ին վկայում է համալսարանի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն եւ պատրաստելու մրցունակ մասնագետներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի համար։
Դիտում՝ 2230

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW