“Մեդիամաքս” գործակալությունը գործարկեց Capitalmarket.Banks.am նոր ինտերնետային նախագիծը

13.02.2009 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում տեղի ունեցավ “Մեդիամաքս” գործակալության ինտերնետային նոր նախագծի` http://capitalmarket.banks.am/-ի շնորհանդեսը, որը հասանելի է նաեւ http://www.capitalmarket.am/ հասցեով: 

Capitalmarket.Banks.am նախագիծը Banks.am (Ֆինանսական Հայաստան) պորտալի բաղադրիչ մասն է:

Նոր նախագծի հիմնական նպատակը ՀՀ կապիտալի շուկայի բոլոր կողմերի զարգացմանն աջակցելն է` շուկայի եւ դրա մասնակիցների մասին օպերատիվ եւ հավաստի տեղեկատվություն տրամադրելու եղանակով:

Capitalmarket.Banks.am-ի շնորհանդեսին մասնակցել են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի” գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը, “Ամերիաբանկի” ներդրումային բանքինգի գծով տնօրեն Անդրեյ Շենկեւիչը եւ “Կապիտալ Ասսեթ Մենեջմենթի” գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը:

Իր ելույթում Վաչե Գաբրիելյանն ասել է, որ “ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Capitalmarket.Banks.am նոր նախագիծը ստեղծելու “Մեդիամաքս” գործակալության նախաձեռնությունը”:

“Ֆինանսական շուկայի մասնակիցներին լավ հնարավորություն է ընձեռվել ստանալու հավաստի ու մասնագիտական տեղեկատվություն: Պետք է նշեմ, որ սա “Մեդիամաքսի” առաջին քայլը չէ. հիշենք http://www.banks.am/ կայքը, որը լիարժեք եւ արդյունավետ տեեկատվություն է տրամադրում բանկային ոլորտի գործունեության, բոլոր ծառայությունների ու ապրանքատեսակների մասին: Capitalmarket.Banks.am նախագիծը լիովին համահունչ է ՀՀ Կենտրոնական բանկի` սպառողների պաշտպանությանն ուղղված քաղաքականությանը: Սպառողներին պաշտպանելու լավագույն մեթոդը շուկայի մասին հավաստի, լիարժեք եւ մասնագիտական տեղեկատվության տրամադրումն է, որի հիման վրա կարելի է ճիշտ որոշումներ կայացնել”,- ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահը:

“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արեմնիայի” գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը հիշեցրել է, որ ֆոնդային բորսան “Մեդիամաքսի” հետ համագործակցում է 2007 թվականից, երբ գործարկվեց “Բորսայի գնանշումները քո բջջային հեռախոսում” համատեղ նախագիծը:

“Մենք “Մեդիամաքսի” հետ  աշխատում ենք 2007 թվականից, եւ այդ ժամանակահատվածում բազմիցս ականատես ենք դարձել ֆինանսական տեղեկատվության շուկայում գործակալության համարձակ քայլերին: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում կապիտալի շուկան գտնվում է զարգացման փուլում, եւ սա այսօր երկրում առաջին կայքն է, որն անհրաժեշտ տեղեկատվույթուն է տրամադրում ֆինանսական շուկայի մասնակիցներին ու ներդրողներին: “Մեդիամաքսի” նախաձեռնությունը մեծ ապագա ունի”,- ասել է Արմեն Մելիքյանը:

“Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ” ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը վստահություն է հայտնել, որ Capitalmarket.Banks.am-ն օգտակար կլինի ոչ միայն ֆինանսական շուկայի մասնակիցների ու ներդրողների, այլեւ լրագրողների ու վերլուծաբանների համար:

“Կայքը կնպաստի ֆինանսական շուկայի խնդիրների լուծմանը, քանի որ շուկայում գլխավորը հենց տեղեկատվությունն է”,- ասել է Տիգրան Կարապետյանը:

“Ամերիաբանկի” ներդրումային բանքինգի գծով տնօրեն Անդրեյ Շենկեւիչը եւս ողջունել է “Մեդիամաքսի” նախաձեռնությունը` ընդգծելով, որ թողարկումների մասին տեղեկատվությունը կարեւոր բաղադրիչ է ներդրողների համար:

Capitalmarket.Banks.am կայքը մշակվել է SiteMax ընկերության` ինտերնետային նախագծերի ստեղծման եւ առաջխաղացման գործում “Մեդիամաքսի” ռազմավարական գործընկերոջ կողմից:

 

Դիտում՝ 18187
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW