Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում հայտարարել է, որ “մեր պետականության փլուզման մասին կանխատեսումները չիրականացան”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր “Բարգավաճ Հայաստան” կուսակցության համագումարում երկրի ղեկավարն ասել է, որ “սոցիալական պոպուլիզմին մենք պետք է հակադրենք արհեստավարժությունն ու իրազեկությունը”: Նախագահի խոսքերով, միայն այդպես կարելի է մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը եւ ռիսկերը հասցնել նվազագույնի: Սերժ Սարգսյանը հանդես է եկել քննադատությամբ Ռուսաստանի կողմից Հայաստանին կայունացնող վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնության մեջ “քաղաքական ենթատեքստի” առկայության մասին հայտարարությունների հասցեին եւ հայտարարել է ճգնաժամին դիմակայելու ուղիների վերաբերյալ առողջ քննարկումների անհրաժեշտության մասին: “Ստեղծված իրադրությունը ՀՀ կառավարությանը ստիպել է գնալ ոչ ստանդարտ լուծումների: Խոսքը հայրենական արտադրողի պաշտպանությանն ու արտահանման խթանմանը, հարկային եւ մաքսային օրենդրության փոփոխություններին ուղղված միջոցառումների մասին է: Այդ ամենը մեր տնտեսությանը նոր շունչ կհաղորդի”,- հայտարարել է նախագահը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ տնտեսական օրենսդրության հաճախակի փոփոխությունների կողմնակից չէ, սակայն “այսօր այլ ելք չկա”: “Մենք պարտավոր ենք պաշտպանել հայրենական բիզնեսը, պաշտպանել մեր տնտեսությունը, եւ այդ տեսանկյունից կառավարություհը ճիշտ ուղու վրա է”,- ասել է նախագահը: Խոսելով կոալիցիոն կառավարության կազմում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության գործունեության մասին` երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել համագործակությունից` նշելով, որ կոալիցիոն ուժերը հետագայում եւս աշխատելու են հանուն երկրի եւ ժողովրդի բարօրության: Tweet Դիտում՝ 12238