Բիբլոս Բանկ Արմենիան փոխհատուցել է արցախցի 9 ուսանողի ուսման վարձը

29.05.2026 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #փոխհատուցում

Բիբլոս Բանկ Արմենիան տրամադրել է ֆինանսավորում՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված եւ Գավառի պետական համալսարան ընդունված 9 ուսանողի ուսման վարձի փոխհատուցմանը։


«Երիտասարդներին աջակցելը եւ կրթության հավասար հասանելիության ապահովումը կարեւոր պատասխանատվություն է բանկի համար։

Նախաձեռնության նպատակն է մեղմել դժվարին պայմաններում հայտնված արցախցի ուսանողների եւ նրանց ընտանիքների սոցիալական բեռը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Բիբլոս Բանկ Արմենիայի համար սա կարեւորագույն նախաձեռնություն է: Այն կօգնի ստեղծել կայուն միջավայր, որպեսզի երիտասարդները հմտանան իրենց ընտրած մասնագիտության մեջ եւ սկսեն ու զարգացնեն իրենց կարիերան: Սա նաեւ ուսանողներին թույլ կտա կյանքի այս կարեւոր փուլում կենտրոնանալ ուսման վրա եւ իրենց նպատակներին հասնելու ավելի հարմար ուղիներ գտնել»,- ասել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ ԳՊՀ ընդունված ուսանողներին Բիբլոս Բանկ Արմենիայի ցուցաբերած աջակցությունը։ Նման նախաձեռնությունները քաջալերում են արցախցի երիտասարդներին, զորացնում մարդկանց եւ ապագայի հանդեպ լավատեսությամբ, մղում ամուր կամքով ամբարելու գիտելիքներ, դառնալու որակյալ մասնագետներ եւ իրագործելու բոլոր նվիրական երազանքները»,- նշել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։

Նշվում է, որ կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւորագույն ուղղությունն է։ Բանկը համագործակցում է բուհերի եւ այլ ուսումնական հաստատությունների հետ՝ երկարաժամկետ հեռանկարում արդյունքներ տեսնելու ակնկալիքով։
Դիտում՝ 2848

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW