Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը $3,4 մլն-ի դրամական օժանդակություն կտրամադրի “Թամարա Ֆրութ” ընկերությանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությումը, այսօր հանդես գալով կառավարության նիստում` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն հայտնել է, որ ընկերությունը համապատասխան դիմում է հղել կառավարության օպերատրվ շտաբ: Ակնկալվում է, որ դրամական օժանդկությունը ստանալով` ընկերությունը կբացի 120 նոր աշխատատեղեր, կարտադրի տարեկան մինչեւ 3000 տոննա օրգանական հումք եւ մինչեւ 2020 թվականը կապահովի 8,6-8,7 մլրդ դրամի արտահանում: Պետական օժանդակությունն ենթադրում է միջազգայնորեն ճանաչված աուդիտորի կողմից ընկերության աուդիտի անցկացում: “Սուբսիդավորման մասին որոշումը ծագում է հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությունից”,- ասել է Ներսես Երիցյանը: “Մենք պետության եւ մասնավոր հատվածի հարաբերություններրում մի նոր էջ ենք բացում, երբ պետությունն ուղղակի աջակցություն է ցուցաբերում հաջողված բիզնեսին` օգնելով ընդլայնել իր հնարավորությունները”,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մեկ այլ որոշմամբ կառավարությունն երկարացրել է Հայաստանում գերմանական Textile Solutions ընկերության պաշտոնական ներկայացուցիչ “VKS Armenia” ՍՊԸ-ի կողմից սարքավորումների ներկրման մաքսային վճարումների ժամկետը: “VKS Armenia”-ն բարձրակարգ տեքստիլային ապրանքներ է արտադրում` 700 աշխատատեղ ապահովելով Երեւանում ու Վանաձորում”,- ասել է Ներսես Երիցյանը` հավելելով, որ անցյալ տարի ընկերությունը Գերմանիա է արտահանել 324 000 կտոր հագուստ: Ընկերության զարգացման ռազմավարության համաձայն` նախատեսվում է արտադրություն ստեղծել ՀՀ այլ մարզերում եւս եւ ապահովել ընդհանուր առմամբ 10 հազար աշխատատեղ: “Բացի այդ, կառավարության օպերատիվ շտաբը ստացել է “Տարոն” տեսքստիլային ընկերության դիմումը իրեն աջակցելու վերաբերյալ, եւ մենք “VKS Armenia”-ին առաջարկել ենք աջակցել նրան”,- ասել է նախարարը: Tweet Դիտում՝ 12182