Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը մասնակցել է Հայաստանի բանկերի միության, ՀՀ կենտրոնական բանկի եւ Գերմանահայկական հիմնադրամի կազմակերպած «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն եւ զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովին: Մայիսի 12-ին Երեւանում կայացած համաժողովը նվիրված էր միջազգային կառույցների, ինչպես նաեւ ՀՀ առեւտրային բանկերի միջոցով իրականացվող ծրագրերի ազդեցությանը Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման վրա։ Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում գործադիր եւ օրենսդիր մարմնի, ինչպես նաեւ մասնավոր ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայէկոնոմբանկից հայտնել են, որ քննարկման նպատակն էր վերհանել ոլորտի արդյունավետ զարգացմանը խոչընդոտող խնդիրները եւ առաջարկել լուծումներ, որոնք կխթանեն Հայաստանի տնտեսության աճը:«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ները տնտեսության շարժիչ ուժն են՝ Հայէկոնոմբանկն ակտիվորեն ներգրավված է ՓՄՁ վարկավորման ոլորտում: Մենք աշխատում ենք ինչպես պետական ծրագրերի շրջանակում եւ միջազգային կազմակերպություններից ներգրավված միջոցներով, այնպես էլ սեփական ռեսուրսներով: ՓՄՁ պորտֆելը Հայէկոնոմբանկում կազմում է մոտ 126 մլրդ դրամ, ինչն առեւտրայի վարկերի մոտ 60%-ն է, իսկ պետական աջակցությամբ տրամադրվող վարկերի ծավալը գնահատվում է 13 մլրդ դրամ: Այս թվերը, թերեւս, խոսում են բանկի համար ոլորտի կարեւորության մասին», - ասել է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենը:Անդրադառնալով բիզնեսներին առաջարկվող ֆինանսական գործիքներին՝ Արտակ Առաքելյանը նշել է, որ Հայէկոնոմբանկն առաջարկում է տարատեսակ առեւտրային վարկեր եւ գործընկերության ծրագրեր՝ հնարավորություն տալով ձեռներեցներին ընտրելու բիզնեսի զարգացման առավել հարմար գործիք:«Համաժողովը կարեւոր հարթակ էր ՓՄՁ ոլորտում պետություն-մասնավոր հատված երկխոսության ամրապնդման եւ բիզնեսների զարգացման համար ավելի բարենպաստ լուծումներ գտնելու համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2789