Մայիսի 12-ին Երեւանում կայացել է Հայաստանի բանկերի միության, ՀՀ կենտրոնական բանկի եւ Գերմանահայկական հիմնադրամի համատեղ կազմակերպած «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն եւ զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովը։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը համաժողովին ասել է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունները դիվերսիֆիկացված եւ մրցունակ տնտեսություն կառուցելու ամենակարեւոր հիմքերից են, եւ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը ներգրավված է այս ոլորտում.«Ուստի ՓՄՁ-ների զարգացումն անմիջականորեն կապված է մարդկանց կենսամակարդակի, բարեկեցության եւ տնտեսական հնարավորությունների ընդլայնման հետ: Ցավոք՝ Հայաստանի ՓՄՁ ոլորտը տարածաշրջանի գործընկեր երկրների համեմատ դեռեւս իր ներուժից ցածր է թե՛ մասշտաբի, թե՛ արտադրողականության առումով, եւ առաջիկա տարիներին դեռ շատ աշխատանք կա անելու բացը լրացնելու համար»:ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանն իր ելույթում նշել է, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանի տնտեսական կայունության կարեւոր հիմքերից է, իսկ նման ձեւաչափով քննարկումները նպաստում են նոր բիզնես գաղափարների եւ համագործակցությունների ձեւավորմանը։«Ձեռքբերումներից բացի պետք է արձանագրենք նաեւ առկա մարտահրավերները՝ վարչարարական բարդությունները, հաճախակի փոփոխվող պահանջները, ինչպես նաեւ վարկավորման ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության խնդիրները։ Մեր կարեւորագույն նպատակներից է ստեղծել պայմաններ, որպեսզի բիզնեսը կենտրոնանա զարգացման եւ մրցունակության բարձրացման վրա, այլ ոչ թե հաղթահարի վարչարարական բարդությունները եւ հայթհայթի վարկային ծրագրերի մասին տեղեկություններ»,-նշել է ՀԲՄ նախագահը։Համաժողովում ներկայացվել են գերմանական KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող միջազգային ծրագրերի շրջանակում ՀՀ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջնորդությամբ տրամադրված վարկային միջոցների ազդեցությունը հայաստանյան փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ-ների) կայուն զարգացման վրա: Tweet Դիտում՝ 1326